Երբևէ փորձե՞լ եք երևակայել մի իդեալական աշխարհ: Աշխարհ առանց պատերազմի, թշվառության և հանցագործության: Եթե այո, ապա դուք միայնակ չեք: Պլատոնը երազում էր ուսյալ հանրապետության մասին, որտեղ իշխում են փիլիսոփաները, կրոնները խոստանում են դրախտային կյանք մահվանից հետո: Պատմության ընթացքում տարբեր խմբավորումներ փորձել են Երկրի վրա դրախտ կառուցել: 1516 թվ-ին Թոմաս Մորը իր «Ուտոպիա» գրքում տվել է այս հասկացության անվանումը: Հունարեն «ուտոպիա» նշանակում է «գոյություն չունեցող վայր»: Չնայած որ անվանման հիմքում ընկած է անհնար լինելու գաղափարը, ժամանակակից գիտական և քաղաքական առաջընթացը այս երազանքների իրականացման հույսեր է ներշնչում: Սրանց փոխարեն, սակայն, ամեն անգամ դրանք դառնում էին պատերազմի, սովի և ստրկութան մղձավանջ: Եվ երբ արվեստի մարդիկ սկսեցին կասկածի տակ դնել ուտոպիական մտածելակերպը, ի հայտ եկավ դիստոպիա կամ «հակաուտոպիա»՝ «վատ վայր» հասկացությունը: Այս ժանրով գրված ամենավաղ աշխատանքներից է Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկածները» ստեղծագործությունը: Իր ճանապարհորդության ընթացքում Գուլիվերն այցելում է գոյություն չունեցող երկրներ, որոնցից մի քանիսը սկզբում թվում են տպավորիչ, իսկ հետո՝ արատներով լի: Լապուտա թռչող կղզում գիտնականներն ու քաղաքական գործիչները անհեթեթ գաղափարներ էին առաջ քաշում և անտեսում ներքևում բնակվող մարդկանց բնական պահանջները: Եվ գլըբդըբդրիբները, որ ապրում էին իդեալական հարմոնիայում, հրաժարվում էին ընդունել մարդկային թերությունները: Այս վեպում Ջոնաթան Սվիֆթը ստեղծել է հակաուտոպիայի գաղափարը` պատկերացնելով մի աշխարհ, ուր ժամանակակից հասարակության առանձին միտումները հասնում են ծայրահեղությունների` քողարկելով իրենց թերությունները: Հետագա դարերի ընթացքում նույնպես շատ հակաուտոպիա ի հայտ եկավ: Արդյունաբերական հեղափոխությունը, որ աշխատավորներին ազատություն էր խոստանում, փոխարենը, պահում էր նրանց ետնախորշերում և գործարաններում, մինչդեռ կապիտալիստները դառնում էին թագավորներից էլ հարուստ: XIX դարի վերջերին շատերն անհանգստանում էին, թե ինչ հետևանքներ կունենա այսպիսի կյանքը: Հերբերթ Ուելլսը իր «Ժամանակի մեքենայի» մեջ պատկերել է, որ բարձր և ցածր խավերից հետագայում կառաջանան մարդկանց 2 խմբեր, մինչդեռ Ջեք Լոնդոնի «Երկաթե կրունկ» վեպում պատկերվում է բռնատիրական օլիգարխիան, որ կառավորում է աղքատ մարդկանց: Նոր դարաշրջանն իր հետ բերեց ավելի զարհուրելի փոփոխություններ: Բժշկության առաջընթացը հնարավոր դարձրեց հատել կենսաբանական սահմանները, մինչդեռ ԶԼՄ-ի առաջընթացը հնարավոր դարձրեց առաջնորդների և հասարակության անմիջական շփումը: Օլդոս Հաքսլիի «Գեղեցիկ նոր աշխարհ» վեպում մարդիկ ստեղծվում են գենային ինժեներիայի միջոցով, և նրանց վիճակված է կատարել կոնկրետ հասարակական դեր: Մինչդեռ քարոզն ու թմրանյութերը մարդկանց մոտ առաջացնում են երջանկության ցնորք, ակնհայտ է, որ մարդկային տարրերը անհետանում են: Այնուամենայնիվ ամենահայտնի հակաուտոպիաները ամենևին հորինված չէին: Այն ժամանակ, երբ Եվրոպան տառապում էր աննախադեպ պատերազմներից, ի հայտ եկան նոր քաղաքական շարժումներ: Ոմանք խոստանում էին վերացնել սոցիալական անհավասարությունը, ոմանք էլ ձգտում էին մարդկանց միավորել առասպելական ժառանգության շուրջ: Արդյունքում հակաուտոպիաներ ստեղծվեցին իրական աշխարհում, ուր կյանքն անցնում էր կառավարության ուշիմ հսկողության տակ, իսկ անգութ մահը վրա էր հասնում նրանց, ովքեր չէին ներգրավվում: Այս ժամանակի շատ գրողներ ոչ միայն դարձան այս սարսափի ականատեսները, այլև իրենց մաշկի վրա զգացին այն: Սովետական գրող Եվգենիյ Զամյատինը իր «Մենք» վեպում նկարագրել է ազատ կամքն ու անհատականությունը բարձր դասող ապագան: ԽՍՀՄ-ում արգելված գիրքը ոգեշնչել է այնպիսի գրողների, ինչպիսին է Ջորջ Օրվելլը, ով առաջնագծում կռվում էր և՛ ֆաշիզմի, և՛ կոմունիզմի դեմ: Իր «Կենդանական ագարակ» վիպակում նա բաց ծաղրում է սովետական հասարակարգը, մինչդեռ «1984»-ը ամբողջատիրության, ԶԼՄ-ի և լեզվի քննադատումն է: Իսկ ԱՄՆ-ում Սինկլեր Լյուսիսի «Մեզ մոտ դա անհնար է» ստեղծագործության մեջ պատկերվում է, թե ինչ հեշտությամբ է դեմոկրատիան իր տեղը զիջում ֆաշիզմին: II Համաշխարհային պատերազմից տասնամյակներ անց գրողներին հետաքրքիր էր, թե ատոմային էներգիայի, արհեստական բանականության և տիեզերագնացության նման հայտնագործությունները մարդկության համար ինչ դեր կխաղան: Հասարակական հայացքների զարգացման գագաթնակետում անտիուտոպիայի գաղափարը ներխուժեց ֆիլմեր, կոմիքսներ և խաղեր: Ռոբոտները ապստամբեցին իրենց ստեղծողների դեմ, մինչդեռ հեռուստահաղորդումներում մասնակիցները սկսեցին մահանալ: Բանվորները տիեզերական գաղութներում ծանր ֆիզիկական աշխատանք էին կատարում, երկրագնդի բնական պաշարները սպառված են, քաղաքներում վխտում են հանցագործները: Սակայն քաղաքականության մասին էլ երբեք չէր մոռացվում: «Բժիշկ Սթրենջլովը» և «Պահապանները» բացահայտում են ատոմային պատերազմի իրական վտանգը, Իսկ «Վի-Վենդետտա» և «Աղախնի պատմությունը» զգուշացնում են, թե ինչ հեշտությամբ կարող են վերանալ մեր իրավունքները ճգնաժամի ժամանակ: Ժամանակակից հակաուտոպիաները շարունակում են պատկերել այն, ինչ մեզ անհանգստացնում է` իրավական անհավասարությունը, կլիմայական փոփոխությունները, իշխանությունը և համաճարակը: Ուրեմն ինչու՞ մենք պետք է համակվենք այդ հոռետեսությամբ: Որովհետև իրականում հակաուտոպիան նախազգուշացնող հեքիաթ է ոչ թե կոնկրետ կառավարության կամ տեխնոլոգիայի մասին, այլ արատավոր է հենց այն գաղափարը, որ կարելի է ստեղծել իդեալական հասարակություն: Վերհիշեք այն իդեալական աշխարհը, որ միշտ պատկերացրել եք: Արդյո՞ք նաև պատկերացրել եք, թե ինչի միջով կանցնեք այն կառուցելու համար: Ինչպե՞ս կմիավորեիք մարդկանց: Եվ ինչպե՞ս կապահովվեիք դրա գոյության երկարատևությունը: Իսկ այժմ նայենք մյուս տեսանկյունից: Արդյո՞ք այն նույնքան իդեալական է: