Ինչ-որ բան սովորելու լավագույն հնարավորությունները մեզ երբեմն ընձեռվում են այն պահերին, երբ մենք ինչ-որ բան չենք հասկանում: Դրանք այն պահերն են, երբ սկսում ես հետաքրքրվել ու հարցեր տալ: Պատմության մեջ բազմաթիվ են նման պահերը, որոնք ապշեցուցիչ բացահայտումների են հանգեցրել: Օրինակ՝ հետևյալ պատմությունը: Կար մի մարդ՝ Արքիմեդ անունով: Նա ծնվել էր Քրիստոսից առաջ 287 թվականին՝ Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում: Նա հույն մաթեմաթիկոս էր, ֆիզիկոս, ինժեներ, գյուտարար և աստղագետ: Մի օր Սիցիլիայի արքան կանչում է Արքիմեդին՝ հրամայելով պարզել՝ ոսկերիչը խաբե՞լ է արդյոք իրեն: Արքան հայտնում է, որ ոսկերչին տվել է ճիշտ այնքան ոսկի, որքան հարկավոր էր թագ պատրաստելու համար: Սակայն, երբ թագը պատրաստ էր, սկսել է կասկածել, թե ոսկերիչը խաբել է և ոսկուն որոշ չափով արծաթ է խառնել, իսկ ոսկու մի մասը՝ իրենով արել: Արքան Արքիմեդին խնդրում է լուծել խնդիրը: Սակայն մի պայման կար. Արքիմեդը պետք է որևէ կերպ չվնասեր թագը: Մի օր լոգանք ընդունելիս Արքիմեդը նկատեց, որ ջուրը բարձրանում և թափվում է, երբ ինքն ընկղմվում է լոգարանի մեջ: Հանկարծ նա գլխի է ընկում, որ արտահոսած ջրի քանակը կախված է նրանից, թե իր մարմնի որքան մասն է ընկղմված ջրում: Այս բացահայտումը այնքան ոգևորեց նրան, որ նա դուրս ցատկեց լոգարանից և լսկսեց րիվ մերկ վազել փողոցներով ու բղավել. «Էվրիկա»: Դա հունարեն բառ է, որ նշանակում է՝ «Գտա»: Իսկ ին՞չ էր գտել Արքիմեդը: Նա գտել էր թագավորի առաջադրած խնդրի լուծումը: Բանն այն է, որ Արքիմեդը պետք է ստուգեր թագի խտությունը՝ պարզելու համար, թե որքանով է այն համապատասխանում մաքուր ոսկու խտությանը: Խտությունը չափման միավոր է, որը ցույց է տալիս մարմնի զանգվածը՝ բաժանած դրա ծավալին: Մաքուր ոսկու խտությունը շատ բարձր է, արծաթինը՝ ոչ այնքան: Այսինքն, արծաթ խառնելու դեպքում թագի խտությունը չէր լինի այնքան, որքան կլիներ մաքուր ոսկու դեպքում: Սակայն անկախ նրանից, թե ինչից էր պատրաստված թագը, այն կունենար նույն ձևը, ասել է թե՝ միևնույն ծավալը: Այնպես որ, եթե Արքիմեդը կարողանար նախ կշռել թագի զանգվածը, այնուհետ նաև ծավալը, նա կկարողանար պարզել դրա խտությունը: Սակայն թագի ծավալը չափելը դյուրին գործ չէ, քանի որ դրա ձևն անկանոն է. այն տարբերվում է հասարակ արկղից կամ գնդակից: Դուք չեք կարող չափել դրա կողմերը և դրանք բազմապատկելով՝ հաշվել ծավալը, ինչպես այլ մարմինների դեպքում: Արքիմեդը գտավ, որ խնդիրը լուծելու համար հարկավոր է թագը լոգարանի մեջ գցել: Ընկղմելով այն ջրի մեջ և պարզելով, թե որքան ջուր է թափվել՝ նա կկարողանար չափել թագի ծավալը և հաշվարկել դրա խտությունը: Եթե պարզվեր, որ թագի խտությունը մաքուր ոսկու խտությունից պակաս է, դա կնշանակեր, որ ոսկերիչը ամենայն հավանականությամբ խաբել է արքային: Արքիմեդը գնաց արքայի մոտ և կրկնեց իր փորձը: Պատմությունը վկայում է, որ նա բացահայտում է ոսկերչի խարդախությունը, ով ոսկուն որոշ չափով արծաթ էր խառնել: Հիմա արդեն դուրս մղված ջրի միջոցով մարմնի ծավալի չափումը կոչվում է Արքիմեդյան սկզբունք: Այնպես որ, հաջորդ անգամ լոգանք ընդունելիս կարող եք Արքիմեդյան սկզբունքը տեսնել գործի մեջ, և միգուցե դուք էլ մի հանճարեղ գաղափարի հեղինակ դառնաք: