Ինչ-որ բան սովորելու լավագույն հնարավորությունները մեզ երբեմն ընձեռվում են
այն պահերին, երբ մենք ինչ-որ բան չենք հասկանում:
Դրանք այն պահերն են, երբ սկսում ես հետաքրքրվել ու հարցեր տալ:
Պատմության մեջ բազմաթիվ են նման պահերը,
որոնք ապշեցուցիչ բացահայտումների են հանգեցրել:
Օրինակ՝ հետևյալ պատմությունը:
Կար մի մարդ՝ Արքիմեդ անունով:
Նա ծնվել էր Քրիստոսից առաջ 287 թվականին՝ Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում:
Նա հույն մաթեմաթիկոս էր, ֆիզիկոս, ինժեներ,
գյուտարար և աստղագետ:
Մի օր Սիցիլիայի արքան կանչում է Արքիմեդին՝
հրամայելով պարզել՝ ոսկերիչը խաբե՞լ է արդյոք իրեն:
Արքան հայտնում է, որ ոսկերչին տվել է ճիշտ այնքան ոսկի,
որքան հարկավոր էր թագ պատրաստելու համար:
Սակայն, երբ թագը պատրաստ էր, սկսել է կասկածել, թե ոսկերիչը խաբել է
և ոսկուն որոշ չափով արծաթ է խառնել,
իսկ ոսկու մի մասը՝ իրենով արել:
Արքան Արքիմեդին խնդրում է լուծել խնդիրը:
Սակայն մի պայման կար. Արքիմեդը պետք է որևէ կերպ չվնասեր թագը:
Մի օր լոգանք ընդունելիս
Արքիմեդը նկատեց, որ ջուրը բարձրանում և թափվում է,
երբ ինքն ընկղմվում է լոգարանի մեջ:
Հանկարծ նա գլխի է ընկում, որ արտահոսած ջրի քանակը կախված է նրանից,
թե իր մարմնի որքան մասն է ընկղմված ջրում:
Այս բացահայտումը այնքան ոգևորեց նրան, որ նա դուրս ցատկեց լոգարանից
և լսկսեց րիվ մերկ վազել փողոցներով ու բղավել. «Էվրիկա»:
Դա հունարեն բառ է, որ նշանակում է՝ «Գտա»:
Իսկ ին՞չ էր գտել Արքիմեդը:
Նա գտել էր թագավորի առաջադրած խնդրի լուծումը:
Բանն այն է, որ Արքիմեդը պետք է ստուգեր թագի խտությունը՝ պարզելու համար,
թե որքանով է այն համապատասխանում մաքուր ոսկու խտությանը:
Խտությունը չափման միավոր է, որը ցույց է տալիս մարմնի զանգվածը՝ բաժանած դրա ծավալին:
Մաքուր ոսկու խտությունը շատ բարձր է, արծաթինը՝ ոչ այնքան:
Այսինքն, արծաթ խառնելու դեպքում թագի խտությունը չէր լինի այնքան, որքան կլիներ մաքուր ոսկու դեպքում:
Սակայն անկախ նրանից, թե ինչից էր պատրաստված թագը, այն կունենար նույն ձևը,
ասել է թե՝ միևնույն ծավալը:
Այնպես որ, եթե Արքիմեդը կարողանար նախ կշռել թագի զանգվածը,
այնուհետ նաև ծավալը,
նա կկարողանար պարզել դրա խտությունը:
Սակայն թագի ծավալը չափելը դյուրին գործ չէ, քանի որ դրա ձևն անկանոն է.
այն տարբերվում է հասարակ արկղից կամ գնդակից:
Դուք չեք կարող չափել դրա կողմերը և դրանք բազմապատկելով՝ հաշվել ծավալը, ինչպես այլ մարմինների դեպքում:
Արքիմեդը գտավ, որ խնդիրը լուծելու համար
հարկավոր է թագը լոգարանի մեջ գցել:
Ընկղմելով այն ջրի մեջ և պարզելով, թե որքան ջուր է թափվել՝
նա կկարողանար չափել թագի ծավալը
և հաշվարկել դրա խտությունը:
Եթե պարզվեր, որ թագի խտությունը մաքուր ոսկու խտությունից պակաս է,
դա կնշանակեր, որ ոսկերիչը ամենայն հավանականությամբ խաբել է արքային:
Արքիմեդը գնաց արքայի մոտ և կրկնեց իր փորձը:
Պատմությունը վկայում է, որ նա բացահայտում է ոսկերչի խարդախությունը,
ով ոսկուն որոշ չափով արծաթ էր խառնել: Հիմա արդեն
դուրս մղված ջրի միջոցով մարմնի ծավալի չափումը կոչվում է
Արքիմեդյան սկզբունք: Այնպես որ, հաջորդ անգամ լոգանք ընդունելիս
կարող եք Արքիմեդյան սկզբունքը տեսնել գործի մեջ,
և միգուցե դուք էլ մի հանճարեղ գաղափարի հեղինակ դառնաք: