Ես քիմիա եմ դասավանդում:
(Պայթյուն)
Դե լա՛վ, լա՛վ:
Քիմիան ավելին է քան պայթյունները,
այն ամենուր է:
Ռեստորանում ժամանակ սպանելիս
երբևէ արե՞լ եք այսպես:
Ոմանք գլխով ասում են «այո»:
Վերջերս ես ցույց տվեցի այս փորձը իմ աշակերտներին
և խնդրեցի նրանց պարզել՝ ինչպե՞ս սա կարելի է բացատրել:
Հաջորդող հարցերն ու քննարկումները
պարզապես ապշեցուցիչ էին:
Դիտե՛նք այս վիդեոն, որ Մադդին, ով արդեն երրորդ տարին է ինձ մոտ սովորում,
ուղարկեց ինձ այդ երեկո:
(Զնգոց) (Ծիծաղ)
Անշուշտ, իբրև Մադդիի քիմիայի ուսուցիչ՝
շատ ուրախ եմ, որ տանը նա շարունակել է կատարելագործել
այն նույն հիմար գիտափորձը,
որը մենք արել էինք դասարանում:
Սակայն, ինձ առավել շատ հիացրեց այն, որ Մադդիի հետաքրքրասիրությունը
հասցրել էր նրան մի նոր մակարդակի:
Եթե ուշադիր նայեք,
կտեսնեք, որ բաժակի ներսում մոմ է:
Մադդին օգտագործում է ջերմության էներգիան՝
տանելով այս երևույթը միանգամայն նոր ուղղությամբ:
Մադդիի հետաքրքրասիրությունն ու հարցերն
այն մագնիսներն են, որ ձգում են մեզ դեպի մեր ուսուցիչները.
դրանք գերազանցում են տեխնոլոգիաները
կամ կրթական նորամուծությունները:
Եթե այս տեխնոլոգիաներն համարենք առավել առաջնահերթ , քան աշակերտների հարցերը,
ապա կզրկվենք
ուսուցիչներին տրված հիանալի գործիքներից՝ աշակերտների հարցերից:
Օրինակ, ձանձրալի դասախոսությունը
բջջային հեռախոսով հաղորդելիս,
միգուցե, խնայում ենք լսարանային ժամերը,
բայց, եթե դա դնենք աշակերտների ուսուցման հիմքում,
ապա կունենանք նույն «անմարդկային» շատախոսությունը`
պարզապես մատուցված գրավիչ հանդերձանքով:
Բայց, եթե դրա փոխարեն համարձակություն ունենանք
ապշեցնելու ու զարմացնելու մեր աշակերտներին,
ու նաև արթնացնելու իրական հարցեր,
ապա այս հարցերի շնորհիվ մենք՝ ուսուցիչներս, կստանանք այն ինֆորմացիան,
որը կարող ենք օգտագործել՝ մշակելու համար ավելի առողջ
և արդյունավետ դասավանդման մեթոդներ:
Ուստի, եկե՛ք մի կողմ թողնենք 21-րդ դարի անհասկանալի դատարկաբանությունները.
իրականությունն այն է, որ ես արդեն 13 տարի է, ինչ դասավանդում եմ,
սակայն միայն կյանքիս սպառնացող իրավիճակի հետևանքով
ես հրաժարվեցի10 տարվա կեղծ դասավանդման մեթոդներից
և սկսեցի հասկանալ, որ իրական ուսուցման սերմերը
հենց աշակերտների հարցերն են,
այլ ոչ թե մանրամասնորեն գրված ուսումնական ծրագրերը, որոնք
տալիս են միայն թռուցիկ ինֆորմացիա և հետաքրքիր փաստեր:
2010 թ.-ի մայիսին՝ 35 տարեկան հասակում,
ունենալով երկու տարեկան բալիկ և սպասելով մյուսին,
ինձ մոտ ախտորոշեցին զարկերակի լայնացում՝
կրծքային աորտայի ստորին հատվածում:
Արդյունքում, ես ենթարկվեցի սրտի բաց վիրահատության: Սա հենց այն էլեկտրոնային նամակն է,
որը ստացել եմ իմ բժշկից:
Երբ այս ամենը բացահայտվեց - սեղմեք Caps Lock կոճակը -
ես կորցրեցի ինքնատիրապետումս, հասկանո՞ւմ եք:
Սակայն, ես ունենում էի նաև հանգստության զարմանալի պահեր,
երբ ինձ վստահություն էր ներշնչում իմ վիրաբույժը:
Որտեղի՞ց նրան այդքան վստահություն, անգամ համարձակություն:
Երբ ես հարցրի նրան, նա երեք պատճառ նշեց.
Նա ասաց, որ առաջին հերթին իրեն մղել է հետաքրքրասիրությունը,
և նա հարցրել է վիրահատության հետ կապված ամենաբարդ հարցերը,
թե ինչը կարող է արդյունավետ լինել, և ինչը՝ ոչ:
Երկրորդ, նա ընդունել է, առանց վախենալու,
փորձելու և սխալվելու խառնաշփոթ ուղին,
փորձելու և սխալվելու անխուսափելի ուղին:
Եվ երրորդ, երկարատև մտորումների արդյունքում
նա հավաքել է իրեն անհրաժեշտ ինֆորմացիան՝
մշակելու և կատարելագործելու համար բուժման ընթացքը,
ինչի արդյունքում նա համարձակ ձեռքով փրկեց իմ կյանքը:
Ես շատ բան հասկացա այս իմաստուն խոսքերից,
և այդ տարվա աշնանը, նախքան դասարան մտնելը,
ես գրեցի իմ սեփական երեք կանոնները,
որոնց հիման վրա առ այսօր ես պլանավորում եմ իմ դասերը:
Կանոն 1-ին. Առաջնայինը հետաքրքրասիրությունն է:
Հարցերն, ասես, դռներ են բացում արդյունավետ դասավանդման համար,
սակայն ոչ հակառակը:
Կանոն 2-րդ. Ընդունե՛ք խառնաշփոթը:
Բոլորս էլ ուսուցիչներ ենք: Բոլորս էլ գիտենք, որ սովորելը տհաճ բան է:
Եվ քանի որ գիտական մեթոդը գտնվում է
1.2 բաժնի 1-ին գլխի 5-րդ էջում, որը
մենք միշտ բաց ենք թողնում,
ուստի փորձելն ու սխալվելը կարող է միշտ էլ դառնալ
մեր ամենօրյա դասերի ոչ ֆորմալ մասը՝
Սուրբ սրտի տաճարի թիվ 206 լսարանում:
Եվ կանոն 3-րդ. Սկսե՛ք խորը մտածել:
Այն ինչ անում ենք, շատ կարևոր է և արժանի է մեր ուշադրությանը,
սակայն, արժանի է նաև վերանայման:
Մենք կարո՞ղ ենք դառնալ մեր դասարանների վիրաբույժները:
Ասես, այն ինչ անում ենք, մի օր կյանքեր է փրկելու:
Մեր աշակերտները արժանի են դրան:
Եվ ամեն դեպքը յուրահատուկ է:
(Պայթյուն)
Լա՛վ: Ներեցե՛ք:
Իմ մեջ նստած քիմիայի ուսուցիչը պարզապես
ուզում էր դուրս հանել սա իր ներսից՝ նախքան շարունակելը:
Նրանք իմ դուստրերն են:
Աջ կողմում փոքրիկ Էմմալուն է, դա հարավային անուն է:
Իսկ ձախ կողմում Ռայլին է:
Ռայլին շատ շուտով մեծ աղջիկ կդառնա:
Նա շուտով կդառնա չորս տարեկան,
և, եթե ճանաչում եք չորս տարեկան երեխաների,
ապա գիտեք, որ նրանք շատ են սիրում հարցնել. «Ինչու՞»:
Այո: Ինչու:
Ես այս երեխային ամեն ինչ կարող եմ սովորեցնել,
քանի որ նրան ամեն ինչ հետաքրքրում է:
Բոլորս էլ եղել ենք այդ տարիքում:
Բայց, իրական մարտահրավեր նետվելու է հենց Ռայլիի ապագա ուսուցիչներին՝
նրանց, ում նա կհանդիպի ապագայում:
Ինչպե՞ս են ուսուցիչները խթանելու այդ հետաքրքրասիրությունը:
Ընդունենք, որ Ռայլին փոխաբերական իմաստով խորհրդանշում է բոլոր երեխաներին:
Կարծում եմ, որ դպրոցը թողնելը տարբեր կերպ կարող է դրսևորվել:
Դա կարող է լինել ավագ դասարանի աշակերտը, ով վերցնում է փաստաթղթերը նախքան ուս.տարվա սկիզբը, կամ
երբ միջնակարգ դպրոցի դասարանի վերջին նստարանը դատարկ է մնում:
Սակայն, եթե մենք՝ մանկավարժներս, ետևում թողնենք
բովանդակություն ներկայացնողի պարզագույն դերը և
թևակոխենք դեպի մի նոր մակարդակ՝
իբրև հետաքրքրասիրություն և հարցասիրություն խթանողներ,
ապա ավելի նշանակալի կդարձնենք
նրանց դպրոցական օրերը և կաշխուժացնենք նրանց երևակայությունը:
Շատ շնորհակալություն:
(Ծափահարություններ)