Սկզբում ցանկանում եմ ձեզ ներկայացնել մարմնի բնական հնարավորություններից մեկը: Դրա համար ձեզանից ընդամենը կպահանջվի երկու րոպեով փոխել ձեր մարմնի դիրքը: Բայց մինչ այդ կխնդրեի մտածել ձեր մարմնի, ինչպես նաև այն մասին, թե ինչ եք անում ձեր մարմնի հետ: Ձեզանից քանի՞սն են կուչ գալիս: Գուցե դուք կորացնում եք մեջքը, խաչում եք ոտքերը կամ ձեռքերով բռնում ոտքերը: Երբեմն խաչում ենք ձեռքերը: Երբեմն էլ` տարածում: (Ծիծաղ): Ես տեսնում եմ ձեզ: (Ծիծաղ): Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք անում հենց այս պահին: Մենք դրան կանդրադառնանք մի քանի րոպեից, և հուսով եմ, որ եթե ուշադրություն դարձնեք ձեր դիրքին, դա կօգնի զգալիորեն փոխել ձեր կյանքը: Մեզ բոլորիս գրավում է մարմնի լեզուն, և, հատկապես` այլ մարդկանց մարմնի լեզուն: Մեզ հետաքրքրում է, ասենք... (Ծիծաղ) շփման ընթացքում տեղի ունեցող զավեշտները, անհեթեթ ժպիտները, արհամարհական հայացքները, կամ անտեղի աչքով անելը, մինչև անգամ` հասարակ ձեռքսեղմումը: Մեկնաբան. Ահա նրանք մոտենում են վարչապետի նստավայրին, և ոստիկանն արժանանում է ԱՄՆ նախագահի ձեռքը սեղմելու պատվին: Մի՞թե նաև վարչապետի ձեռքը… Ոչ: (Ծիծաղ) (Ծափահարություններ) (Ծիծաղ) (Ծափահարություններ) Էմի Քադդի. Այսպիսով` ձեռքսեղմումը կամ դրա բացակայությունը կարող է շաբաթներ շարունակ քննարկման առարկա դառնալ նույնիսկ Բի-Բի-Սիում և Նյու Յորք Թայմսում: Ակներև է, որ երբ մտածում ենք ոչ խոսքային ժեստերի կամ շարժուձևի մասին, ﴾մենք` սոցիոլոգներս, դա անվանում ենք ոչ վերբալ﴿, մենք մտածում ենք հենց լեզվի, այսինքն` հաղորդակցության մասին: Իսկ երբ մտածում ենք հաղորդակցության մասին` մտածում ենք նաև շփման մասին: Ի՞նչ են ինձ ասում ձեր ժեստերը: Իսկ ի՞մ ժեստերն ինչ են ասում ձեզ: Բավականաչափ հիմքեր կան հավատալու, որ սա է խնդրին ցուցաբերվող ճիշտ մոտեցումը: Այսպիսով` սոցիոլոգները վաղուց ի վեր ուսումնասիրում են մեր և այլ մարդկանց ժեստերի ազդեցությունը մեր կայացրած կարծիքների վրա: Մենք հաճախ կարող ենք ժեստերից ելնելով հապճեպ և սխալ կարծիքներ կազմել, և դրանք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ կյանքի կարևոր իրավիճակներում, ասենք` մարդուն աշխատանքի ընդունելիս կամ առաջ քաշելիս, կամ ժամադրություն նշանակելիս: Օրինակ, Թաֆթսի համալսարանի հետազոտող Նալինի Ամբադին պարզել է, որ երբ մարդիկ նայում են 30 վայրկյան տևողությամբ անձայն հոլովակ բժշկի և հիվանդի իրական շփման մասին, բժշկի սիրալիրության մասին նրանց դատողությունից է կախված` դատի կտայի՞ն այդ բժշկին, թե` ոչ: Այդ դատողությունը պայմանավորված է ոչ թե նրա մասնագիտական որակներով, այլ նրանով, թե որքանով է այդ մարդը մեզ դուր գալիս, և թե ինչպիսինն էր նրանց շփումը: Մեկ այլ` ավելի ցայտուն օրինակ, Ալեքս Տոդորովը` Փրինսթոնից, ապացուցել է, որ սենատորի և նահանգապետի աթոռի համար ընտրապայքարում թեկնածուների հաղթանակը 70%-ով պայմանավորված է նրանց դեմքին առաջին անգամ նայելիս մեր ստացած տպավորություններով, նույնսիկ թվային ոլորտից օրինակ կարող ենք բերել` համացանցային բանակցությունների ժամանակ սմայլիկների ճիշտ օգտագործումը կարող է հանգեցնել բանակցություններից ձեր ակնկալիքների ավելի մեծ չափով արդարացմանը: Այդ իսկ պատճառով դրանք պետք է խելամտորեն օգտագործել, այնպես չէ՞: Այսպիսով, ոչ վերբալ հաղորդակցությունն օգնում է մեզ գնահատել այլ մարդկանց, հասկանալ նրանց կարծիքը մեր մասին և կանխատեսել մեր շփման արդյունքները: Բայց հաճախ մոռանում ենք, որ ոչ վերբալ հաղորդակցությունը ազդում հենց մեզ` մեր մտքերի, զգացմունքների և օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա: Եվ այսպես, ոչ վերբալ հաղորդակցության ո՞ր տեսակը նկատի ունեմ: Ես սոցիալական հոգեբան եմ: Ես ուսումնասիրում եմ նախապաշարմունքները: Եվ դասավանդում եմ բարձրակարգ բիզնես դպրոցում, և անխուսափելի էր, որ պիտի սկսեի հետաքրքվել իշխանության դինամիկայով: Ինձ հատկապես գրավեցին ուժի և գերիշխանության ոչ վերբալ դրսևորումները: Ձեր կարծիքով` ինչպի՞սին են ուժի և գերիշխանության ոչ վերբալ դրսևորման միջոցները: Եվ ահա, թե ինչ եզրակացության հանգեցի: Կենդանական աշխարհում կենդանիները դիմում են ֆիզիկապես մեծ երևալու միջոցին: Կենդանին դառնում է չափերով ավելի մեծ, ծավալվում` զբաղեցնելով ավելի մեծ տարածք: Դա վերաբերում է բոլոր կենդանիներին, ոչ միայն պրիմատներին: Մարդիկ նույն կերպ են վարվում: (Ծիծաղ) Մարդիկ այդպես են վարվում, երբ մշտապես իրենց գերիշխող են զգում, ինչպես նաև երբ զգում են իրենց սեփական գերազանցությունն ինչ-որ պահի: Այս ժեստն առավել հետաքրքիր է, քանի որ այն ցույց է տալիս, թե որքան հին և համընդհանուր է ինքնաարտահայտման այս տեսակը: Ջեսիկա Թրեյսին ուսումանասիրել է այս դրսևորումը, որը հայտնի է որպես հպարտություն, և պարզել, որ թե´ տեսնող, և թե´ ի ծնե կույր մարդիկ օգտագործում են այդ ժեստը` ֆիզիկական մրցակցությունում հաղթելիս: Երբ նրանք առաջինն են հատում վերջնագիծը և հաղթում են, եթե անգամ մինչ այդ որևէ մեկին այդ ժեստն անելիս չեն տեսել: Կատարում են հենց այս շարժումը: Ձեռքերը` V-աձև վեր պարզած, ծնոտը` բարձր: Իսկ ի՞նչ ենք անում, երբ անզոր ենք զգում մեզ: Անում ենք ճիշտ հակառակը: Մենք կծկվում ենք, ձեռքերով գրկում ինքներս մեզ, փոքրանում, չենք ուզում անգամ հպվել մեր կողքին գտնվող մարդուն: Եվ կրկին, այս ժեստը հատուկ է ինչպես մեզ, այնպես էլ կենդանիներին: Ահա, թե ինչ տեսք ունի ուժեղ և թույլ մարդկանց հանդիպումը: Երբ խոսքը վերաբերում է ուժին, մենք հակված ենք լրացնելու այլոց ոչ վերբալ ժեստերը: Երբ մեր դիմաց կանգնած է ուժեղ և ինքնավստահ անձնավորություն, մենք, մեր կամքից անկախ, կծկվում ենք: Մենք չենք ընդօրինակում նրա ընդունած դիրքը, այլ պարզապես ենթարկվում ենք նրա ուժին: Ես հետևում եմ լսարանում իմ ուսանողների շարժուձևին և նկատել եմ , որ բիզնես կառավարման մագիստրոսներն իսկապես դիմում են իշխանության դրսևորման բոլոր ոչ վերբալ ձևերին: Կան այնպիսիք, որ իրենց պահում են իսկական գերիշխող արուների պես. դասը դեռ չսկսած գնում են լսարանի կենտրոնը, ինչպես իրական հաղթողներ` կարծես ուզում են գրավել իրենց շրջապատող տարածքը: Նստելիս նրանք գրեթե երկու տեղ են զբաղեցնում: Ձեռքը բարձրացնում են ա´յ այսպես: Մինչդեռ մյուսները մարում են ներս մտնելուն պես: Հենց, որ լսարան են մտնում, դուք տեսնում եք դա: Դա երևում է թե´ նրանց մարմնի դիրքից և թե´ դեմքերից : Նրանք նստում են աթոռի վրա և փոքրանում են, իսկ ձեռքը բարձրացնում են այսպես: Ես որոշ նկատառումներ ունեմ այդ առնչությամբ, որոնցից առաջինը, իհարկե չեմ զարմացնի ձեզ, կապված է սեռի հետ: Կանայք այդպես վարվում են ավելի հաճախ, քան տղամարդիկ: Նրանք մշտապես իրենց ավելի թույլ են համարում տղամարդկանցից, և դա զարմանալի չէ: Բայց նկատել եմ նաև, որ դա կապված է նաև նրանց դասին մասնակցության աստիճանի հետ: Դա հատկապես կարևոր է բիզնես կառավարման մագիստրոսի համար, քանի որ գնահատականը կիսով չափ պայմանավորված է մասնակցությամբ։ Բիզնես-դպրոցները երկար ժամանակ է, որ պայքարում են գենդերային այս բացը լրացնելու համար: Համալսարանն ընդունում է հավասար գիտելիքներ ունեցող կանանց ու տղամարդկանց, ապա նրանք տարբեր գնահատականաններ են ստանում, և դա, կարծես, մասամբ կախված է նրանց մասնակցությունից: Ես սկսեցի խորհել, այսպես, օրինակ, համալսարանն ընդունում է այս մարդկանց, ովքեր մասնակցում են դասերին: Հնարավո՞ր է արդյոք, որ նրանք ձևացնեն, թե ավելի շատ բան գիտեն, և, այդպիսով ավելացնեն դասերի ժամանակ իրենց ակտիվությունը: Ես և Բերքլիի իմ գործընկեր Դանա Քարնին շատ էինք ուզում պարզել` հնարավո՞ր է արդյոք ձևացնելով արդյունքի հասնել: Օրինակ, հնարավո՞ր է որոշ ժամանակ ձևացնելով հասնել վարքագծի փոփոխության, ինչն էլ ուժի զգացողություն կհաղորդի: Այսպիսով, մենք գիտենք, որ մեր ոչ վերբալ խոսքի հիման վրա մարդիկ կարծիք են կազմում մեր մասին: Կան բազում ապացույցներ, որ դա այդպես է: Բայց մեր խնդիրն իրականում հետևյալն է` արդյո՞ք մեր ժեստերն անդրադառնում են մեր մասին մեր իսկ կարծիքի և զգացողությունների վրա: Հիմքեր կան ենթադրելու, որ` այո: Օրինակ, մենք ժպտում ենք, երբ երջանիկ ենք, բայց երբ ստիպված ենք լինում ժպտալ` գրիչն այսպես ատամներով բռնած, մենք մի փոքր ավելի ուրախ ենք դառնում: Դա երկկողմանի է աշխատում: Ուժի պարագայում էլ դա այդպես է: Երբ դուք զգում եք ձեր ուժը, դուք այսպես եք անում, բայց անգամ այն ժամանակ, երբ դուք ձևացնում եք, թե ուժեղ եք, հավանականությունը մեծ է, որ դուք ձեր մեջ կզգաք այդ ուժը: Երկրորդ հարցը, որ հետաքրքրում է մեզ` հետևյալն է. մենք գիտենք, որ մեր գիտակցությունը ստիպում է մեզ փոխել մարմնի դիրքը, բայց արդյոք կարո՞ղ է մեր մարմնի դիրքը փոխել մեր գիտակցությունը: Այս պարագայում ի՞նչ նկատի ունեմ գիտակցություն ասելով: Խոսքը գնում է մտքերի ու զգացումների մասին, ինչպես նաև ֆիզիոլոգիական այն երևույթների մասին, որոնք ձևավորում են մեր մտքերն ու զգացումները: Տվյալ դեպքում խոսքը հորմոննների մասին է: Ես ուսումնասիրում եմ դրանք: Այսպիսով, միմյանցից ինչո՞վ են տարբերվում ուժեղների և թույլերի գիտակցությունները: Զարմանալի չէ, որ ազդեցիկ մարդիկ սովորաբար ավելի հաստատակամ են, ավելի ինքնավստահ ու լավատես: Նրանք իսկապես մտածում են, որ հաղթող դուրս կգան, անգամ երբ դա պատահականության հարց է: Նրանք նաև հակված են ավելի վերացական մտածել: Այսպիսով` տարբերությունները շատ են: Նրանք ավելի հաճախ են ռիսկի դիմում: Բազմաթիվ տարբերություններ կան ոչ ինքնավստահ և ինքնավստահ մարդկանց միջև: Ֆիզիոլոգիապես տարբերություններ կան նաև երկու հորմոնների` տեստոստերոնի, որը գերիշխանության հորմոնն է, և կորտիզոլի` սթրեսի հորմոնի միջև: Պարզեցինք, որ պրիմատների հիերարխիայում գերիշխող արուների մոտ տեստոստերոնի մակարդակը բարձր է, իսկ կորտիզոլինը` ցածր: Ուժեղ և ազդեցիկ լիդերների մոտ ևս տեստոստերոնի մակարդակը բարձր է, կորտիզոլինը` ցածր: Ինչի՞ մասին է դա խոսում: Երբ մարդիկ խոսում են ուժի մասին, նրանք այն կապում են մարդու տեստոստերոնի մակարդակի հետ, քանզի ուժը ենթադրում է գերիշխանություն: Իրականում սակայն ուժից է կախված նաև թե ինչպես ենք մենք արձագանքում սթրեսին: Կցանկանայի՞ք ունենալ ուժեղ ղեկավար, տեստոստերոնի բարձր մակարդակով, բայց ով բուռն է արձագանքում սթրեսային իրավիճակներում: Հավանաբար ոչ: Դուք կցանկանայիք ունենալ հզոր, հաստատակամ և իշխող ղեկավար, բայց ով հեշտությամբ չի կորցնում ինքնատիրապետումը: Այսպիսով մենք գիտենք, որ պրիմատների մոտ, եթե ալֆան ցանկանում է առաջնորդությունը վերցնել իր ձեռքը, եթե անհատը ցանկանում է հանկարծ վերցնել իր վրա ալֆայի դերը, մի քանի օրվա ընթացքում նրա տեստոստերոնի մակարդակը զգալիորեն բարձրանում է , իսկ կորտիզոլի մակարդակը՝ զգալիորեն պակասում: Այսպիսով, մենք ունենք ապացույց, որ մարմինը կարող է ղեկավարել գիտակցությունը, առնվազն` արտաքնապես, ինչպես նաև, որ դերի փոփոխությունը նույնպես կարող է ձևավորել գիտակցությունը: Այսպիսով, ինչ է կատարվում, դուք նոր դեր եք ստանձնում, ինչ է կատարվում, եթե դուք դա անում եք մինիմալ չափով, մի շատ փոքր, աննշան փոփոխություն: Դուք ասում եք ձեզ. «Ես այս դիրքով կկանգնեմ երկու րոպե, և դա ինձ ավելի շատ վստահություն կտա»: Եվ ահա թե ինչ մենք արեցինք: Որոշեցինք մարդկանց հրավիրել լաբորատորիա և փորձ անցկացնել: Եվ այս մարդիկ երկու րոպե շարունակ պետք է ընդունեին կամ ուժեղ, ինքնավստահ կամ թույլ և անվստահ մարդու կեցվածքը: Ես ցույց կտամ հինգ կեցվածք, չնայած, որ նրանք միայն երկուսն ընդունեցին: Ահա առաջինը: Եվս մի քանիսը: Այս կեցվածքը լրատվամիջոցներն անվանեցին «Զարմանահրաշ կինը»: Ահա ևս մի քանիսը: Այսպիսով, կարող եք նստել կամ կանգնել: Ահա թույլ մարդու կեցվածքները: Դուք կծկվում եք, փոքրանում: Սա թուլության նշան է. պարանոցին դիպչելով դուք փորձում եք պաշտպանվել: Ահա թե ինչ էր կատարվում: Նրանք ներս են մտնում, թքում փորձանոթի մեջ, ապա նրանց խնդրում ենք երկու րոպեով ընդունել այս կամ այն կեցվածքը: Նրանք չեն տեսնում կեցվածքները նկարով: Մենք չենք ուզում, որ նրանք տեսնեն ուժը, այլ ուզում ենք, որ զգան այն: Դա տևում է երկու րոպե: Հետո նրանց մի քանի հարց ենք տալիս իրենց ինքնավստահության մասին: Ապա նրանց հնարավորություն էինք տալիս մոլեխաղ խաղալ, և հետո թքի ևս մի նմուշ ենք վերցնում: Ահա և ամբողջ փորձը: Ահա թե ինչ պարզեցինք: Ինքնավստահ կեցվածք ընդունած մարդկանց 86%-ը ցանկացան ռիսկի դիմել, այսինքն` խաղալ մոլեխաղեր: Իսկ թույլի կեցվածք ընդունածների միայն 60%-ը ցանկացան անել դա: Սա բավականին մեծ տարբերություն է: Ահա և տեստոստերոնի անալիզի արդյունքները: Հաշվարկը սկսում ենք սենյակ մտնելու պահին եղած բազային մակարդակից: Վստահ կեցվածք ունեցող մարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը բարձրացավ 20%-ով, իսկ թույլ կեցվածքով մարդկանցը նվազեց 10%-ով: Ընդամենը երկու րոպե և արդեն այսպիսի արդյունքներ: Իսկ ահա թե ինչ կատարվեց կորտիզոլի հետ: Վստահ կեցվածք ընդունած մարդկանց մոտ այն նվազեց 25%-ով, իսկ թույլ կեցվածք ընդունածների մոտ՝ 15%-ով աճեց: Ընդամենը երկու րոպեն հանգեցում է հորմոնալ փոփոխությունների, որոնք ձեր ուղեղը մղում են ինքնավստահության, հաստատակամության կամ հարմարավետության կամ էլ լարվածության և ինքնամփոփության զգացողություն են հաղորդում: Բոլորիս էլ դա ծանոթ է, այնպես չէ՞: Ստացվում է, որ մեր մարմնի լեզուն է որոշում, թե ինչ ենք մտածում մեր մասին, դա կախված է ոչ միայն շրջապատից, այլև ինքներս մեզանից: Բացի այդ, մեր մարմինն ազդում է մեր գիտակցության վրա: Հարց է ծագում, կարող է արդյո՞ք ուժեղ կեցվածք ընդունելու մի քանի րոպեն իրապես փոխել մեր կյանքը: Չէ՞ որ փորձն արվել է լաբորատորիայում: Դա շատ փոքր առաջադրանք է, մի քանի րոպե տևողությամբ: Իրական կյանքում մեզ ծանոթ իրավիճակում ե՞րբ կարող ենք կիրառել դա: Մեր կարծիքով, այդպիսի հնարք կարելի է օգտագործել օրինակ, երբ, ձեզ գնահատում է ձեր ընկերը, էական սոցիալական սպառնալիքի իրավիճակներում: Ե՞րբ եք ձեզ գնահատում ձեր ընկերները: Օրինակ, դեռահասների հետ դա հաճախ պատահում է դպրոցի ճաշարանում: Այս հնարքը կարող եք կիրառել դպրոցական ժողովի ժամանակ կամ երբ ինչ-որ գաղափար եք ներկայացնում, կամ այսպիսի զրույցի ընթացքում, կամ աշխատանքի ընդունվելիս անցկացվող հարցազրույցի ժամանակ: Մենք մտածեցինք, որ մարդկանց մեծամասնությունը հետաքրքրված կլինի հարցազրույցներով, որովհետև բոլորն են անցնում դրա միջով: Այսպիսով մենք հրապարակեցինք այս նյութը, և այն ակտիվորեն քննարկվեց ԶԼՄ-ներում. լրագրողներն ասում էին. «Փաստորեն այսպես պետք է անել հարցազրույցի գնալիս, ճի՞շտ է»: (Ծիծաղ) Մենք, իհարկե, սարսափեցինք և անմիջապես ասացինք` «Աստված իմ, ոչ, մենք ամենևին էլ սա նկատի չունեինք: Տարբեր նկատառումներից ելնելով` մի´ արեք այդպես»: Խոսքն այն մասին չէ, թե ինչ եք խոսում մյուսների հետ: Խոսքն այն մասին է, թե ինչ եք խոսում ինքներդ ձեզ հետ: Ի՞նչ եք անում հարցազրույցից առաջ: Այսպես եք անում, չէ՞: Դուք նստում և նայում եք ձեր iPhone-ին կամ անդրոիդին` փորձելով որևէ մեկին աչքաթող չանել: Դուք աչքի եք անցկացնում ձեր նշումները, կծկվում եք, փորձում ավելի փոքր լինել, մինչդեռ միգուցե այդպես պետք է վարվեիք լոգարանում: Համամի՞տ եք: Արեք այդպես: Երկու րոպե տրամադրեք դրան: Հենց սա ենք մենք ուզում փորձարկել: Եվ մենք որոշ մարդկանց լաբորատորիա հրավիրեցինք և խնդրեցինք նրանց կրկին վստահ կամ վեհերոտ դիրքեր ընդունել: Այնուհետև նրանք շատ լարված հարցազրույց են անցնում: Այն տեսագրվում է և տևում է հինգ րոպե: Նրանց նաև գնահատում են, ընդ որում դատավորներն ոչ վերբալ ակնարկներ չեն անում, դա է պատճառը, որ նրանք այսպիսի տեսք ունեն: Պատկերացրեք, որ հարցազրույցն անցկացնում է նման մի մարդ: Ամբողջ հինգ րոպեների ընթացում դեմքի ոչ մի արտահայտություն, ինչն ավելի վատ է, քան երբ ձեզ հարցախեղդ են անում: Մարդիկ դա տանել չեն կարողանում: Մարիա Լաֆրանսն այն «սոցիալական շարժուն ավազի մեջ խրվել» է անվանում: Սա արագորեն բարձրացնում է կորտիզոլի մակարդակը: Ահա այսպիսի հարցազրույց ենք մենք անցկացնում, քանի որ ցանկանում ենք տեսնել, թե ի վերջո ինչ կպատահի: Այնուհետ մասնագետները դիտեցին չորս տեսագրությունները: Նրանք հիպոթեզի կամ փորձարկման պայմանների մասին գաղափար չունեն: Նրանք չգիտեն, թե ով ինչ դիրք է ընդունել, և նրանք նայեցին այս ձայնագրություններին, և ասացին. «Մենք կվարձեինք այս մարդկանց», բոլոր վստահ դիրք ընդունած մարդկանց մասին, - «մենք չենք ուզում աշխատանքի ընդունել այս մարդկանց: Առաջիններն ավելի դրական տպավորություն են թողնում»: Բայց ի՞նչն ազդեց այս ամենի վրա: Խոսակցության բովանդակությունը չէր պատճառը: Թեկնածուների զգացմունքներն էին կարևոր այդ խոսակցության ընթացում: Մենք գիտենք սա քանի որ մենք գնահատում էինք նրանց բոլոր այս փոփոխականների հիման վրա, օրինակ` որքանով է ճիշտ կառուցված նրանց խոսքը, նրանց ունեցած որակավորումները: Դրանց վրա որևէ ազդեցություն չեղավ: Կարևոր էր միայն այն, թե ինչպես են մարդիկ իրենց ներկայացնում: Նրանք պետք է արտահայտվելու ունակություն ունենային: Նրանց արտահայտած մտքերը չէին արտացոլում նրանց անհատականությունը: Հենց այս ամենն էլ ազդեց հարցազրույցը վարողների որոշման վրա: Երբ մարդկանց ասում եմ սրա մասին, որ մարմինը փոխում է գիտակցությունը, գիտակցությունն ազդում է վարքի վրա, իսկ վերջինս կարող է փոխել վերջնական արդյունքը, մարդիկ պատասխանում են. «Այդ ամենը կեղծ է թվում»: Ես նրանց խորհուրդ եմ տալիս ձևացնել այնքան, մինչև ամեն ինչ ստացվի: Ի պատասխան նրանք ասացին, որ չեն ցանկանում խաբեբա, ինքնակոչ դառնալ և գնալ այնտեղ, ուր իրենց չեն սպասում: Այս ամենն արձագանք գտավ ինձ մեջ, ես կուզեի մի պատմություն պատմել այն մասին, թե ինչպես է, երբ քեզ խաբեբա, ինքնակոչ ես զգում: Երբ ես 19 տարեկան էի, ավտովթարի ենթարկվեցի: Ես դուրս էի ընկել մեքենայից, մի քանի անգամ պտտվել: Ուշքի եկա գլխուղեղի վնասվածքով` վերակենդանացման բաժանմունքում: Ինձ հեռացրել էին քոլեջից: Տեղեկացա, որ իմ IQ-ն նվազել է երկու ստանդարտ շեղումով, ինչը շատ ցավալի էր: Ես գիտեի իմ IQ-ն, քանի որ միշտ խելացի ու տաղանդավոր եմ համարվել: Ինձ հեռացրել էին քոլեջից, ես փորձում էի վերադառնալ: Նրանք ասում էին. «Դու չես ավարտի քոլեջը, գուցե մեկ այլ զբաղմունք գտնես, բայց դա քեզ համար չէ»: Ինձ իսկապես շատ դժվար էր, պիտի ասեմ, որ ոչինչ չի կարող ստիպել քեզ ավելի անզոր զգալ, քան երբ զրկվում ես քո ինքնությունից, որն իմ պարագայում խելացիությունն էր: Ես ինձ բացարձակապես անզոր էի զգում, սակայն առանց թևաթափ լինելու աշխատում էի օրուգիշեր: Ի վերջո հաջողությունը ժպտաց ինձ և ամեն ինչ ստացվեց: Վերջիվերջո ավարտեցի քոլեջը: Ուսումս հասակակիցներիցս չորս տարի ավելի տևեց, ես համոզեցի իմ պահապան հրեշտակին` Սյուզան Ֆիսկեին օգնել ինձ, և կարողացա ընդունվել Փրինսթոնի համալսարան: Այնուամենայնիվ, ես չէի դադարում մտածել, որ դա իմ տեղը չէ, որ ես ինքնակոչ եմ: Եվ իմ առաջին տարեվերջյան ելույթից մեկ գիշեր առաջ (դա 20-րոպե տևողությամբ ելույթ էր Փրինսթոնում` 20 մարդկանց առջև), ես այնքան էի վախենում, որ բոլորը կիմանան դրա մասին, որ զանգահարեցի նրան և ասացի. «Ամեն ինչ վերջացած է»: Ի պատասխան նա ասաց. «Դու չես կարող թողնել ուսումը, քանի որ ես գրազ եմ եկել, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի: Դու պետք է մնաս և ձևացնես այնքան, մինչև որ ստացվի: Դու կունենաս այնքան ելույթ, որքան կհանձնարարվի: Նորից ու նորից, նույնիսկ եթե դու վախենում կամ սարսափում ես կամ մարմինդ այլևս քեզ չի ենթարկվում, մինչև որ ինքդ քեզ չասես «Աստված իմ, ես անում եմ դա: Ես դարձա` ինչ ուզում էի: Ես իսկապես անում եմ դա»: Եվ այդպես էլ արեցի: Հինգ տարի քոլեջում մի քանի տարի էլ Նորթվեստերն համալսարանում: Այնուհետ` Հարվարդ: Ես այլևս այդ մասին չեմ մտածում, բայց շատ երկար ժամանակ մտածում էի, որ Հարվարդն իմ տեղը չէ, սա իմ տեղը չէ: Այսպիսով, Հարվարդում իմ առաջին ուսումնական տարվա վերջում մի ուսանողուհի, ով ամբողջ կիսամյակի ընթացքում ոչինչ չէր պատասխանել և ում ես խորհուրդ էի տվել դասերին մասնակցել` չձախողվելու համար, եկավ ինձ մոտ: Ես նրան իրականում ընդհանրապես չէի ճանաչում: Նա լրիվ թևաթափ եղած եկավ ու ասաց. «Սա իմ տեղը չէ»: Եկել էր իսկության պահը, որին երկու բան նպաստեց: Նախ, ես հասկացա, որ այլևս չունեմ այդ զգացողությունը: Հասկանո՞ւմ եք: Ես այդ զգացողությունը չունեի, իսկ նա ուներ, և ես հասկանում էի նրա ապրումները: Եվ երկրորդ` սա իր տեղն էր: Նա կարող է ձևացնել` մինչև որ ամեն ինչ ստացվի: Եվ ես ասացի նրան. «Ո´չ, սա քո տեղն է: Դու պե´տք է մնաս այստեղ: Եվ վաղը դու կձեւացնես ավելի ուժեղ, ավելի ինքնավստահ կդառձնես քեզ և դու…(Ծափահարություններ) (Ծափահարություններ) Եվ դու մտնես լսարան և հանդես կգաս լավագույն ձևով»: Իսկ գիտե՞ք, թե ինչ եղավ: Նա հենց այդպես էլ արեց: Ուսանողները շրջվում և միմյանց շշնջում էին. «Տեր Աստված, մենք նույնիսկ չենք էլ նկատել, որ նա նստած է եղել այնտեղ»: (Ծիծաղ): Մի քանի ամիս անց այդ աղջիկը եկավ ինձ մոտ, և ես հասկացա, որ նա ոչ թե պարզապես ձևացնում էր` մինչև որ ամեն ինչ ստացվի, այլև իսկապես ձևացրել էր և դարձել այն, ինչ ուզում էր: Նա փոխվել էր: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ասել ձեզ` մի ձևացրեք` մինչև որ ձեզ մոտ ստացվի, ձևացրեք այնքան ժամանակ, մինչ կդառնաք այն, ինձ ուզում եք: Արեք դա այնքան ժամանակ քանի դեռ այն չի դարձել ձեր մի մասնիկը: Վերջում ցանկանում եմ ավելացնել` փոքրիկ խորամանկությունները կարող են հանգեցնել մեծ փոփոխությունների: Այն երկու րոպեները: Երկու րոպեները, երկու րոպեները, երկու րոպեները: Մինչ հաջորդ լարված իրավիճակին անցնելը, վերելակում, լոգարանում, փակ դռների ետևում` ձեր սեղանի մոտ երկու րոպեով վստահ դիրք ընդունեք: Ահա´ թե ինչպես պետք է անեք: Ձեր միտքը կենտրոնացրեք տվյալ իրադրությունից լավագույն օգուտ քաղելու վրա: Բարձրացրեք ձեր տեստոստերոնի մակարդակը, իջեցրեք կորտիզոլի մակարդակը: Թույլ մի´ տվեք այնպիսի իրադրություն, որ մտածեք, թե ձեր կարողությունները ցույց չեք տվել: Պետք է միշտ մտածել. «Հիմա ես ներս կմտնեմ ու կասեմ ու ցույց կտամ, թե ով եմ ես»: Կխնդրեի ձեզ առաջին հերթին, ոչ միայն վստահ դիրք ընդունել, այլև կիսվել այս ամենով, քանի որ դա այնքան հեշտ է: Ես եսամոլության խնդիր չունեմ: (Ծիծաղ): Կիսվեք մարդկանց հետ այդ մասին, չէ՞ որ շատ մարդիկ, ում դա ամենաշատն է անհրաժեշտ, չունեն համապատասխան միջոցներ ու հնարավորություններ, հասարակական դիրք կամ ուժ: Տվե´ք նրանց այդ հնարավորությունը, քանի որ նրանք կարող են դա անել: Նրանց հարկավոր է իրենց մարմինը, առանձնանալու հնարավորություն և երկու րոպե, և դա հիմնովին կարող է փոխել նրանց կյանքը: Շնորհակալություն: (Ծափահարություններ) (Ծափահարություններ)