Թվում է թե այս սենյակում 600 մարդ կա, բայց իրականում այստեղ ավելի շատ մարդ կա, քանի որ մեզանից յուրաքանչյուրը բազմաթիվ անհատականություններ ունի: Իմ հիմնական անհատականությունները երկուսն են. դրանք ինձ հետ վիճում և զրուցում են դեռևս փոքրուց: Դրանք են «խորհրդավորը» և «ռազմիկը»: Իմ ծնողները քաղաքականապես ակտիվ, մտավորական աթեիստներ են: Մեր ընտանիքում մի այսպիսի հավասարում էր ընդունված. Եթե դու խելացի ես, ապա հոգևոր լինել չէս կարող: Ես ընտանիքի «հրեշն» էի: Մի տարօրինակ մանուկ, ով ուզում էր խորիմաստ խոսակցություններ ունենալ այն աշխարհների մասին, որոնք հնարավոր է գոյություն ունեն այս աշխարհից անդին, որը մենք ընկալում ենք մեր զգայարաններով: Ես ուզում էի իմանալ, թե արդյոք այն, ինչ մենք, մարդիկ, տեսնում, և լսում ու մտածում ենք իրականության ամբողջական և ճիշտ պատկերն է։ Այսպիսով, պատասխաններ փնտրելով գնացի Կաթոլիկ պատարագի. հետևեցի իմ հարևանների օրինակին։ Կարդացի Սարտր և Սոկրատես: Եվ այնուհետև մի հրաշալի բան պատահեց, երբ ավագ դպրոցում էի սովորում` արևելքից գուրուները սկսեցին գալ Միացյալ Նահանգներ; Եվ ես ինքս ինձ ասացի. «Ես էլ եմ ուզում այդպիսին լինել»։ Ու այդ օրվանից ընտրեցի խորհրդավոր /հոգևոր/ ճանապարհը, փորձելով նայել անդին մի բանի, որն Ալբերթ Էյնշթեյնն անվանել է «ամենօրյա գիտակցության օպտիկական պատրանք»: Ի՞նչ ի նկատի ուներ սրանով: Հիմա ցույց կտամ: Մի խորը շունչ քաշեք այս սենյակի մաքուր օդից: Հիմա, տեսնու՞մ եք այս տարօրինակ, ստորջրյա մարջան հիշեցնող բանը: Սա իրականում մարդու շնչափողն է: Իսկ այդ գունավոր գնդերը` մանրէներ են, որոնք լողում են այս սենյակով մեկ հենց այս պահին, մեր շուրջը: Եթե մենք չենք տեսնում այս պարզ կենսաբանությունը պատկերացրեք, թե ինչ ենք բաց թողնում ամենափոքր ատոմային մակարդակի վրա և հսկայական տիեզերական մակարդակի վրա։ Իմ տարիները, որպես խորհրդավոր, ստիպեցին, որ ես կասկածի տակ դնեմ իմ գրեթե բոլոր ենթադրությունները։ Նրանք դարձրեցին ինձ մի հպարտ «անգետիկի»։ Երբ իմ ներքին խորհրդավորը շատախոսում է, ինչպես այժմ, ռազմիկը սկսում է նրան թարս նայել։ Նա մտահոգված է այն ամենի մասին, ինչ կատարվում է աշխարհում հենց հիմա: Նա անհանգստացած է: Նա ասում է․ «Շատ կներեք, բայց ես ջղայնացած եմ, ես գիտեմ, թե ինչ եմ ասում, և պետք է գործի անցնել հենց հիմա»։ Ես իմ կյանքն անցկացրել եմ որպես ռազմիկ՝ աշխատելով կանանց հարցերի շուրջ, աշխատելով քաղաքական արշավների վրա, լինելով շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ։ Եվ մի մարմնում խորհրդավորի և ռազմիկի համատեղելը կարող է խելագար իրավիճակներ ստեղծել։ Ինձ միշտ գրավել են այն հազվագյուտ մարդիկ, ովքեր կարողանում են համատեղել այդ երկուսը` ովքեր նվիրում են իրենց կյանքը մարդասիրությանը ռազմիկի հաստատակամությամբ, և խորհրդավորի նրբագեղությամբ, այնպիսի մարդիկ, ինչպիսին կրթսեր Մարթին Լյութեր Քինգն էր, ով գրել է․ «Ես երբեք չեմ կարող լինել այն ինչ պետք է լինեմ, մինչ որ դուք այն չեք, ինչ, որ պետք է լինեք»։ «Սա է իրականության փոխկապակցված համակարգը»։ Կամ Մայր Թերեզան, մեկ այլ խորհրդավոր ռազմիկ, ով ասել է․ «Մեր խնդիրը նրանում է, որ մենք ընտանիքի շրջանը շատ նեղ ենք գծում»։ Եվ Նելսոն Մանդելան, ով ապրում է հետևելով աֆրիկյան ուբունտուի գաղափարին, ինչը նշանակում է՝ ես ունեմ քո կարիքը լինելու համար այն ինչ կամ, և դու ունես իմ կարիքը՝ լինելու համար այն ինչ կաս։ Մենք սիրում ենք այս երեք խորհրդավոր ռազմիկների օրինակը բերել, կարծես իրենք ի ծնե օժտված ենք եղել «սուրբ» գեներով։ Բայց մենք բոլորս էլ ունենք նույն կարողությունը, որ ունեն նրանք, և մենք պետք է շարունակենք իրենց աշխատանքը։ Ես շատ անհանգստացած եմ նրանով, թե ինչպես են մեր բոլոր մշակույթները դեմոնացնում «օտարին», և ինչպես են, մեր թույլտվությամբ, ձայն բարձրացնում մեզանից ամենաանհանդուրժողական մարդիկ։ Նայեք թե ինչ վերնագրեր ունեն քաղաքական սպեկտրի երկու կողմերի հեղինակած բեսթսելլեր գրքերը, այստեղ ԱՄՆ-ում։ «Լիբերալիզմը մտավոր խանգարում է», «Ռաշ Լիմբոն հիմարի մեկն է», «Հիմարները և հայրենասերները», «Վիճելով ապուշների հետ»։ Դրանք ենթադրաբար երգիծական բնույթ են կրում․ սակայն իրականում դրանք վտանգավոր են։ Ահա մի վերնագիր, որը միգուցե ձեզ ծանոթ հնչի, բայց հեղինակը կզարմացնի ձեզ, «Վախկոտության, հիմարության և ստերի դեմ պայքարի չորս ու կես տարի»։ Ո՞վ է հեղինակը։ Դա Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ»՝ «Իմ պայքարը» գրքի առաջին վերնագիրն էր, որը հիմք հանդիսացավ նացիստական կուսակցության համար։ Մարդկային պատմության ամենավատ ժամանակաշրջաններում, լինի դա Քամբոջայում, Գերմանիայիում թե Ռուանդայում, ամեն բան սկսվում է հենց այդպես, «օտարներին» բացասական լույսի տակ ներկայացնելով։ Եվ ապա այն վերածվում է բռնի էքստրեմիզմի։ Ահա թե ինչու ես մեկնարկում եմ նոր նախաձեռնություն։ Դրա նպատակն է օգնել բոլորին, այդ թվում ինքս ինձ, չեզոքացնել «օտարներին» դեմոնացնելու միտումը։ Ես գիտակցում եմ, որ մենք բոլորս զբաղված մարդիկ ենք, բայց մի անհանգստացեք, դուք կարող եք անել սա ճաշի ընդմիջման ընթացքում։ Ես անվանում եմ իմ նախաձեռնությունը «Օտարին ճաշի հրավիրեք»։ Եթե դուք հանրապետական կուսակցության անդամ եք, դուք կարող եք դեմոկրատի ճաշի հրավիրել, իսկ եթե դուք դեմոկրատ եք, մտածեք հանրապետական կուսակցության անդամի ճաշի հրավիրելու մասին։ Եթե այս մարդկանց ճաշի հրավիրելու մասին միտքը ստիպում է ձեզ կորցնել ձեր ախորժակը, ես առաջարկում եմ, որ դուք հենց ձեր հարևանությունից սկսեք, որովհետև «օտարի» պակաս չկա հենց ձեր կողքին։ Միգուցե դա այն մարդն է, որը մզկիթ է այցելում, կամ եկեղեցի կամ էլ սինագոգ, կամ մեկ ուրիշը, որն այլ կարծիք ունի աբորտների մասին, կամ միգուցե ձեր փեսան, ով չի հավատում գլոբալ տաքացմանը, ցանկացած մեկը, ում ապրելակերպը վախեցնում է ձեզ, կամ ում տեսակետը, ստիպում է, որ զայրույթից ձեր ականջներից ծուխ դուրս գա։ Մի քանի շաբաթ առաջ, ես ճաշի հրավիրեցի մի կնոջ` պահպանողական կուսակցությունից։ Առանց իրեն ճանաչելու, կարող էի ասել, որ նա իմ ականջներից ծուխ կարող է հանել։ Նա աջակողմյան ակտիվիստ էր, ես՝ ձախակողմյան։ Մենք որոշ կանոններ կիրառեցինք, ոի մեր խոսակցությունը դուրս չգա քաղաքավարության սահմաններից, և դուք նույնպես կարող եք դրանք օգտագործել, որովհետև ես համոզված եմ, որ դուք հրավիրելու եք «օտարին» ճաշի։ Նախ և առաջ, նպատակ դրեք ձեր առջև ճանաչել մեկ մադու, որը պատկանում է մի խմբի, որի մասին դուք բացասական կարծրատիպեր ունեք։ Եվ մինչ հանդիպումը մշակեք հստակ կանոններ։ Իմ պահպանողական կուսակցության զրուցակիցը և ես հետևյալը որոշեցինք․ չի կարելի համոզել, պաշտպանել և ընդհատել մեկը մյուսին։ Պետք է լինել հետաքրքրասեր և ազնիվ զրուցակից։ Եվ լսել։ Այդտեղից էլ սկսեցինք։ Եվ մենք հետևյալ հարցերը քննարկեցինք․ կիսիր քո կյանքի փորձը ինձ հետ։ Ի՞նչ խնդիրներ են քեզ մտահոգում։ Ի՞նչ եմ միշտ ցանկացել հարցնել «մյուս կողմի» ներկայացուցչին։ Իմ զրուցակիցը և ես մի քանի շատ կարևոր բացահայտումներ արեցինք, որոնք ես պատրաստվում եմ կիսել ձեր հետ։ Կարծում եմ, որ դրանք վերաբերվում են ցանկացած հարցին, որ գոյություն ունի մարդկանց միջև ամենուր։ Ես հարցրեցի իրեն, թե ինչու է իր կողմը այդպիսի անհիմն հայտարարություններով հանդես գալիս և ստում իմ կողմի մասին։ «Օրինակ ի՞նչ», հարցրեց նա։ «Օրինակ, որ մենք մի խումբ բարձր խավի բարոյապես կոռումպացված ահաբեկիչների երկրպագու ենք»։ Դե, նա շատ զարմացած էր։ Նա մտածում էր, որ իմ կողմը շատ ավելի հաճախ էր մեղադրում իր կողմին, որ մենք անվանում ենք իրենց անխելք, զենք կրող ռասիստներ։ Եվ մենք երկուսով զարմացած թվարկում էինք բոլոր այն պիտակները, որոնք բացարձակապես չէին բնութագրում այն մարդկանց, ում մենք իրականում ճանաչում ենք։ Եվ քանի որ միմյանց հանդեպ վստահություն էր ստեղծվել, մենք հավատում էին միմյանց անկեղծությանը։ Մենք համաձայնվեցինք խոսել մեր համայնքներում, երբ նկատում ենք, այնպիսի խոսակցություններ, որոնք կարող են վնասել և պարանոյայի ալիք բարձրացնել, ինչն էլ իր հերթին կարող է օգտագործվել հրահրումներ ստեղծելու համար։ Ճաշն ավարտվելուն պես, մենք գիտակցեցինք և հաստատեցինք միմյանց բաց լինելը։ Մեզնից և ոչ մեկ չէր փորձել փոխել մյուսին։ Բայց մենք նաև չէինք ձևացրել, որ մեր տարբերությունները պիտի հօդս ցնդեն ճաշից հետո։ Փոխարենը, մենք միասին առաջին քայլերն արեցինք, հաղթահարելով առաջին ռեակցիան, շարժվելով դեպի ուբունտու, միակ վայրը, որտեղ կարող են գտնվել ամենաանհնար թվացող խնդիրների լուծումները։ Ու՞մ պիտի հրավիրեք ճաշի։ Մյուս անգամ, երբ բռնացնեք ձեզ այն մտքի վրա, որ «օտարացնում» եք ինչ-որ մեկին, դա թող նշան լինի ձեզ համար։ Իսկ ի՞նչ տեղի կունենա ճաշից հետո։ Արդյո՞ք կբացվեն դրախտի դռները, և կհնչի "We Are the World" երգը ռեստորանի երաժշտության փոխարեն։ Հազիվ թե։ Որովհետև ուբունտուն տրվում է շատ դանդաղ և ոչ հեշտությամբ։ Այն տեղի է ունենում երբ երկու մարդիկ, դադարում են ձև տալ, որ ամեն բան գիտեն։ Դա երկու մարդիկ են, երկու ռազմիկ, ովքեր վայր են դնում իրենց զենքը և ձեռքերը միմյանց պարզում։ Ահա, թե ինչ է մեծ պարսիկ բանաստեղծ Ռումին ասել այդ կապակցությամբ․ «Մեր ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից անդին կա մի դաշտ, ես կսպասեմ քեզ այնտեղ»։ (Ծափահարություններ)