Գիտեի՞ր, որ ամեն անգամ, երբ երաժիշտը վերցնում է գործիքը, նրա ողջ ուղեղում հրավառություն է տեղի ունենում։ Արտաքինից երաժիշտը լուռ ու կենտրոնացած է, կարդում է նոտաներն ու կատարում անհրաժեշտ շարժումները։ Բայց նրա ուղեղում իսկական տոնակատարություն է։ Որտեղի՞ց գիտենք սա։ Վերջին մի քանի տասնամյակներում նյարդաբանները հսկայական աշխատանք են կատարել հասկանալու համար, թե ինչպես է աշխատում ուղեղը։ Նրանք հետազոտել են ուղեղի աշխատանքը FMRI և PET սկաներներով։ Նման սարքերով դիտելիս, կարելի է տեսնել, որ ասենք ընթերցելիս կամ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս ակտիվանում է զբաղմունքին համապատասխանող ուղեղի որոշակի հատված։ Սակայն, երբ հետազոտվող անձը երաժշտություն է լսում նրա ուղեղում հրավառություն է։ Ուղեղի բազմաթիվ հատվածներ ակտիվանում են միաժամանակ, երաժշտությունն հասկանալու համար ոււղեղն առանձին֊ առանձին վերլուծում է մեղեդին, ռիթմը և այլ տարրեր, իսկ հետո ամեն ինչ միացնում է, վերածում ընդհանուր երաժշտական ապրումի։ Եվ այդքան աշխատանք մեր ուղեղն անում է մեկ ակնթարթում առաջին հնչյունները լսելու և ոտքերով հատակին հարվածելու արանքում։ Իսկ երբ դիտում ենք ոչ թե երաժշտություն լսողի, այլ նվագողի ուղեղը, փոքրիկ հրավառությունը վերածվում է տոնակատարության։ Փաստորեն, եթե երաժշտություն լսելն ուղեղում ակտիվացնում է մի շարք յուրօրինակ գործողություններ, ապա նվագելն ուղեղի համար հավասարազոր է մարմնամարզության։ Նյարդաբանները նկատել են, թե ինչպես են վառվում տարբեր կենտրոններ ու միաժամանակ վերլուծում տարբեր տեղեկություններ խրթին, բայց փոխհամաձայնեցված զարմանահրաշ հաջորդականությամբ։ Բայց նվագելու ի՞նչն է նման ազդեցություն ունենում ուղեղի վրա։ Այս հետազոտությունը համեմատաբար նոր է բայց նյարդաբաններն արդեն որոշակի պատկերացում ունեն։ Երաժշտական գործիք նվագելը պահանջում է ուղեղի գրեթե բոլոր կենտրոնների աշխատանքը՝ միաժամանակ, հատկապես տեսողական, լսողական և շարժողական կենտրոնների։ Ինչպես ցանկացած մարզանքի դեպքում, կանոնավոր վարժանքը երաժշտական գործիքով ուժեղացնում է ուղեղի այդ ֆունկցիաները, թույլ տալով այդ ներուժը կիրառել նաև այլ գործողությունների ընթացքում։ Ամենաակնհայտ տարբերությունը երաժշտություն լսելու և նվագելու միջև այն է, որ երկրորդը պահանջում է շարժողական հմտություններ, որոնք կառավարվում են ուղեղի երկու կիսագնդերում էլ։ Այն պահանջում է և՛ լեզվական ու մաթեմաթիկական ճշգրտություն, որոնք ավելի հաճախ կառավարում է ձախ կիսագունդը, և՛ աջ կիսագնդի նորարական ու ստեղծագործական հմտությունը։ Այս ամենց կարելի է եզրակացնել, որ նվագելը մեծացնում և ակտիվացնում է ուղեղի բրտամարմնի ակտիվությունը, իսկ այն երկու կիսագնդերի կամուրջն է, հետևաբար նվագելը թույլ է տալիս ուղեղի տարբեր կենտրոններին հաղորդակցվել ավելի արագ ու բազմակի ուղիներով։ Սա երաժիշտներին թույլ է տալիս խնդիրներ լուծելիս լինել ավելի արդյունավետ ու ստեղծարար՝ գիտական, թե կենցաղային հարցերում։ Քանի որ նվագելը նաև պահանջում է երաժշտության հուզական բովանդակության ստեղծման և ընկալման հմտություններ, երաժիշտներն հաճախ նաև ղեկավար պաշտոն են զբաղեցնում, ինչը սովորաբար պահանջում է պլանավորում, ռազմավարություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, ինչպես նաև՝ կոգնիտիվ և էմոցիոնալ ասպետկների համաժամանակյա վերլուծություն։ Այս ընդունակությունը ազդում է նաև մեր հիշողության աշխատանքի վրա։ Եվ իսկապես, երաժիշտները ունեն հիշողական բարձր ունակություններ, նրանք արագ ու արդյունավետ ստեղծում, պահպանում և մտաբերում են հիշողությունները։ Երաժիշտներն օգտագործում են զարգացած կապուղիներով իրենց ուղեղը յուրաքանչյուր տեղեկությունը մի քանի պիտակով պահելու համար, օրինակ՝ կոնցեպտուալ, էմոցիոնալ ձայնային, կոնտեքստային պիտակներով ինչպես դա անում է ինտերնետային որոնողական համակարգը։ Իսկ ինչպե՞ս գիտենք, որ այս օգուտները տալիս է միայն երաժշտությունը, և ոչ օրինակ սպորտը կամ նկարչությունը։ Կամ գուցե այնպես է, որ նվագել սկսում են մարդիկ, ովքեր արդեն շատ խելացի՞ են։ Նյարդաբանները զբաղվում են այս հարցերով, առայժմ նրանք գտել են, որ նվագել սովորելու գեղարվեստական ասպեկտները տարբեր են ցանկացած այլ գործողությունից, այդ թվում՝ այլ արվեստով զբաղվելուց։ Նրանք արել են մի շարք գիտափորձերի, որոնց մասնակիցներն սկզբում ունեին կոգնիտիվ և նյարդային ֆունկցիոնալ նույն մակարդակը. բայց նրանցից մի քանիսն, ովքեր տևական ժամանակ զբաղվել են նվագել սովորելով, փորձից հետո ունեին ուղեղի ավելի զարգացած կենտրոններ։ Այս՝ վերջերս արված հետազոտությունը նվագելու մտավոր օգտակարության մասին ընդլայնել է նաև մտավոր աշխատանքների մասին մեր պատկերացումը ի հայտ բերելով ներքին ռիթմեր և բարդ փոխազդեցություններ որոնք միասին կազմում են մեր ուղեղի հրաշալի նվագախումբը։