Իմ ոլորտում մենք հավատում ենք, որ լուսանկարները կարող են փոխել աշխարհը: Լավ, ընդունենք, որ մենք միամիտ ենք, լավատես ու եռանդով լի։ Ճշմարտությունն այն է, որ մենք գիտենք, որ պատկերներն իրենք չեն փոխում աշխարհը, բայց նաև գիտենք, որ լուսանկարչության սկիզբ առնելուց ի վեր նկարները մարդկանց մոտ առաջացրել են որոշակի արձագանք և այդ արձագանքը փոփոխությունների պատճառ է հանդիսացել: Եկեք սկսենք մի խումբ նկարներից: Ես շատ կզարմանամ եթե Ձեզ ճանաչելի չլինեն դրանցից շատերը: Դրանք լավագույնս նկարագրվում են որպես նշանակալի նկարներ, այնքան նշանակալի, որ կարծես համընդհանուր չափորոշիչ լինեն: Իրականում դրանք այնքան ճանաչված են, որ դուք նույնիսկ կճանաչեք դրանք անգամ թեթևակի ձևափոխված: (Ծիծաղ) Բայց կարծում եմ, մենք ինչ-որ առավել կարևոր բան ենք փնտրում: Մենք փնտրում ենք ավելին: Մենք փնտրում ենք նկարներ, որոնք «անզիջող» լույս են շողարձակում կարևորագույն հարցերի վրա, պատկերներ, որոնք վեր են բոլոր տեսակ սահմաններից, բոլոր կրոններից, պատկերներ, որոնք դրդում են մեզ մի քայլ առաջ գնալ և ինչ-որ բան անել, այլ բառերով ասած` գործել: Ահա այս պատկերը դուք բոլորդ տեսել եք: Այն փոխել է ֆիզիկական աշխարհի մասին մեր պատկերացումները: Մենք երբեք չէինք տեսել մեր մոլորակը այս տեսանկյունից։ Շատ մարդիկ հավատում են, որ շրջակա միջավայրի պահպանության շարժման գործում դեր է ունեցել մեր մոլորակը առաջին անգամ այսպիսին տեսնելը, նրա փոքրությունը և քնքշությունը: 40 տարի անց, այս խումբը, ավելի քան մյուսները, լավ ծանոթ են մեր տեսակի այն կործանիչ ուժին, որը կարող է ազդեցություն ունենալ շրջապատող միջավայրի վրա: Եվ վերջապես, պարզվում է, որ մենք ինչ-որ բան անում ենք դրա համար: Այս կործանիչ ուժն ընդունում է շատ տարբեր տեսքեր: Օրինակ, այս լուսանկարներն արվել են Բրենթ Սթիրթոնի կողմից Կոնգոյում այս գորիլաները սպանվել, ոմանք նույնիսկ կասեն խաչվել են և զարմանալի չէ, որ այն վրդովմունք առաջացրեց միջազգային հանրության մոտ: Բավական վերջերս, մեզ ողբերգական հետևանքներով հիշեցվեց հենց բնության կործանիչ ուժի մասին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի օրինակով: Իմ կարծիքով շատ ավելի վատ է, երբ հենց մարդու կործանարար ուժն ուղղված է մարդու դեմ: Սամուել Պիսարը, որ փրկվել է Աուշվիցից, ասել է, մեջբերում եմ. «Հոլոքոսթը ուսուցանում է մեզ, որ բնությունը նույնիսկ ամենադաժան պահերին, առավել բարեգութ է` համեմատած մարդու հետ, երբ նա կորցնում է իր բարոյականությունը և բանականությունը»: Խաչելու մեկ այլ տեսակ էլ կա: Աբու-Գրեյբի ահասարսուռ պատկերները, ինչպես նաև Գվատեմալայում արված նկարները, ունեցան մեծ ազդեցությունը: Այդ նկարների հրապարակումը ոչ թե նկարներն ինքնին, ստիպեցին կառավարությանը քաղաքականություն փոխել: Ոմանք կարող են վիճել, որ հենց այդ նկարները ավելի շատ ապստամբություններ բորբոքեցին Իրաքում քան ցանկացած այլ գործողություն: Ավելին, այդ նկարները հավերժ վերացրեցին օկուպացիոն ուժերի, այսպես կոչված, բարձր բարոյականության պատկերը: Եկեք մի փոքր հետ գնանք: 1960-ականներին և 1970-ականներին, Վիետնամի պատերազմը ամեն օր ցուցադրվում էր ամերիկյան հյուրասենյակների հեռուստաէկրաններից: Նորություններում տպագրված նկարների միջոցով մարդիկ դեմ առ դեմ հանդիպում էին պատերազմի զոհերին, վառված մի աղջնակի, Օհայոում Կենթի պետական համալսարանում բողոքի ակցիայի ժամանակ զինվորի կողմից սպանված մի ուսանողի: Իրականում, այս նկարներն իրենք հանդիսանում են բողոքի ձայներ: Այժմ, նկարներն ուժ ունեն սփռել իմացության լույս մեր կասկածների, անիրազեկության և հատկապես ... ես բազմիցս խոսել եմ սրա մասին, բայց ընդամենը մի նկար ցույց կտամ... ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին: 1980-ականներին այս վարակով տառապողները շատ մեծ արգելքների էին հանդիպում նույնիսկ այդ հարցի քննարկման և հասցեագրման հարցում: 1987-ին աշխարհի ամենահայտնի կնոջ Ուելսի արքայադստեր պարզ գործողությունը, այն է․ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված երեխային ձեռքով հպումը, մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վերաբերմունքը փոխելու գործում, հատկապես Եվրոպայում: Նա, առավել քան ինչ-որ մեկը, գիտեր պատկերի ազդեցության ուժի մասին: Այսպիսով, երբ մենք հանդիպում ենք հզոր պատկերի, մենք բոլորս ընտրություն ունենք: Մենք կարող ենք շրջվել, կամ կարող ենք վերաիմաստավորել պատկերը: Բարեբախտաբար, երբ այս լուսանկարները հայտնվեցին the Guardian ամսագրում 1998-ին, նրանք բավական մեծ ուշադրություն գրավեցին, և ի վերջո գումար հավաքվեց Սուդանի քաղցած բնակչության համար: Արդյո՞ք նկարները փոխեցին աշխարհը: Ոչ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեցան: Նկարները հաճախ ստիպում են մեզ վերանայել մեր սկզբունքային համոզմունքները և միմյանց հանդեպ մեր պարտավորությունները: Բոլորս տեսել ենք Կատրին փոթորիկի նկարները և կարծում եմ միլիոնավոր մարդկանց համար նրանք ունեցան շատ մեծ ազդեցություն, և կարծում եմ քիչ հավանական է, որ դրանք ջնջվել էին ամերիկացիների հիշողությունից, երբ նրանք գնում էին 2008-ի նոյեմբերի քվեարկության: Դժբախտաբար, որոշ շատ կարևոր նկարներ համարվում են չափազանց ահասարսուռ և ազդեցիկ մեզ ցուցադրելու համար։ Ես ձեզ ցույց կտամ մեկ նկար, Յուջին Ռիչարդսի կողմից նկարված Իրաքի պատերազմի վետերանի նկարը, մի արտասովոր աշխատանք, որն երբեք չի տպագրվել, կոչվում է «Պատերազմը ներանձնական է»։ Բայց նկարները պարտադիր չէ, որ ահասարսուռ լինեն, որպեսզի հիշեցնեն մեզ պատերազմի սարսափի մասին: Ջոն Մուրը նկարել է այս լուսանկարը Արլինգտոնի գերեզմանոցում: Բոլոր այս լարված հակամարտություններից հետո, աշխարհի բոլոր խնդրահարույց մասերում ահա մեկ լուսանկար առավել հանգիստ վայրից, որն ինձ մինչ այժմ հետապնդում է, ավելի քան մյուսները: Անսել Ադամսն ասել է, և ես համամիտ չեմ նրա հետ. «Դու չես նկարում լուսանկար, դու կերտում ես այն»: Իմ կարծիքով, լուսանկարիչը չի կերտում այն, այլ դուք եք անում։ Մենք յուրաքանչյուր նկարին տալիս ենք մեր սեփական արժեքները, մեր սեփական համոզմունքների համակարգը, և որպես հետևանք նկարն ազդում է մեր վրա: Իմ կազմակերպությունն ունի 70 միլիոն նկար: Ես իմ գրասենյակում ունեմ մեկ նկար: Ահա այն: Հուսով եմ, որ հաջորդ անգամ, երբ տեսնեք մի նկար, որն ինչ-որ կայծ կառաջացնի ձեր ներսում, դուք ավելի լավ կհասկանաք թե ինչու, և զրուցելով այս հանդիսատեսի հետ, ես գիտեմ, որ, դուք հաստատ ինչ-որ քայլ կձեռնարկեք: Շնորհակալություն բոլոր լուսանկարիչներին։ (Ծափահարություններ)