Աշխարհով մեկ, մոտ 60 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր հայրենի տունը՝ փախչելով պատերազմից, ոտնձգություններից ու հալածանքներից: Նրանցից շատերը դարձել են երկրի ներսում մշտական բնակություն չունեցող անձիք, այսինքն՝ նրանք լքել են իրենց տունը, բայց դեռ գտնվում են իրենց հայրենիքում: Մյուսները հատել են սահմանը և ապաստան հայցել իրենց հայրենիքից դուրս: Այս մարդկանց հաճախ կոչում են փախստականներ: Ի՞նչ է «փախստական» եզրույթը նշանակում: Հազարավոր տարիներ առաջ դեռ գոյություն են ունեցել փախստականներ, սակայն ներկայիս սահմանումը վերցվել է ՄԱԿ-ի 1951 թ. համագումարից, որը հրավիրվել էր փախստականների վիճակը քննարկելու համար՝ ի պատասխան Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հալածանքների և տեղահանությունների: Ըստ դրա, փախստականը այն մարդն է, ով գտնվում է իր հայրենիքից դուրս և չի կարող վերադառնալ, հալածանքների հիմնավորված վտանգի պատճառով: Հալածանքների պատճառ կարող են հանդիսանալ տվյալ անձի ռասսան, դավանանքը, ազգությունը, հասարակական որոշակի խմբի պատկանելը կամ նրա քաղաքական հայացքները, ու դրանք հիմնականում կապված են պատերազմի կամ բռնության հետ: Այսօր փախստականների մոտ կեսը երեխաներ են, որոնցից ոմանք առանց ծնողների են մնացել ու դարձել են երեխաների՝ որպես աշխատուժի օգտագործման, կամ սեռական ոտնձգությունների զոհ: Յուրաքանչյուր փախստականի պատմությունը տարբեր է, նրանցից շատերը առանց հստակ արդյունքի վտանգավոր ճամփորդություններ են կատարում: Սակայն նրանց անցած ճանապարհին անդրադառնալուց առաջ, անհրաժեշտ է պարզաբանել մի բան: Գաղթական և փախստական եզրույթների տարբերության հետ կապված խառնաշթոփ է առաջացել: Գաղթականները այն մարդիկ են, ովքեր լքում են իրենց հայրենիքը ոչ թե հալածանքների պատճառով, այլ, օրինակ, ավելի լավ տնտեսական հնարավորությունների կամ երաշտահար տեղանքից ավելի նպաստավոր շրջան տեղափոխվելու համար: Աշխարհում շատ մարդիկ տեղահան են եղել բնական աղետների, սովի կամ այլ դժվարությունների պատճառով, սակայն, միջազգային իրավունքը, դժբատաբար կամ բարեբախտաբար, փախստական է համարում միայն նրանց, ովքեր փախել են զինված կոնֆլիկտից կամ բռնություններից: Ի՞նչ է պատահում նրան, ով փախչում է իր հայրենիքից: Փախստականներից շատերի ճամփան երկար ու վտանգավոր է, սահմանափակված կացարանով, ջրի ու սննդի պաշարներով: Քանի որ մեկնումը հանկարծակի է ու անսպասելի, ռազմական կոնֆլիկտից խուսափող մարդիկ թողնում են իրենց իրերը, ու երբեմն նաև անհրաժեշտ փաստաթղթերը՝ վիզաները, որոնց շնորհիվ կարելի է նստել ինքնաթիռ ու օրինաբար այլ երկիր մուտք գործել: Ֆինանսական ու քաղաքական գործոնները նույնպես փակում են ճամփորդելու ստանդարտ ուղիները: Այսինքն, նրանք կարող են միայն ճամփորդել ցամաքով կամ ջրով ու կարիք են ունենում դիմելու մաքսանենգներին՝ սահմանները հատելու համար: Որոշ մարդիկ ընտանիքներով են ապաստան փնտրում, իսկ մյուսները փորձում են միայնակ սահմանը հատել ու թողնում են իրենց սիրելիներին՝ հուսալով նրանց հետագայում միանալ: Այս բաժանումը վշտացնող է ու երբեմն կարող է անտանելի երկար տևել: Մինչդեռ աշխարհի փախստականների կեսը քաղաքներում են, ռազմական առճակատումից փախած մարդու համար առաջին կանգառը փախստականների ճամբարն է, որը հիմնականում կազմակերպվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Կոմիտեի կամ տեղական իշխանությունների կողմից: Փախստականների ճամբարները ժամանակավոր կացարաններ են, որոնք առաջարկում են կարճաժամկետ ապաստան մինչև նրանք անվտանգ կվերադառնան տուն, կտեղափոխվեն հյուրընկալող երկիր կամ կհաստատվեն այլ երկրներում: Վերահաստատման ու երկարաժամկետ ներգրավման սահմանափակ հնարավորություններ կան: Շատ փախստականներ ստիպված են մնալ ճամբարներում երկար տարիներ, անգամ տասնամյակներ: Այլ երկիր հասնելիս, տեղահանված մարդու առաջին օրինական քայլը ապաստան հայցելն է: Տվյալ պահին, նրանք դեռ պաշտոնապես փախստական չեն, մինչև նրանց դիմումը չընդունվի: Բոլոր երկրները այս կամ այն չափով ընդունում են փախստականի տվյալ սահմանումը, սակայն, յուրաքանչյուր երկիր ինքն է պատասխանատու ապաստան հայցողների դիմումների քննման համար, և նա է որոշում՝ ում շնորհել փախստականի կարգավիճակ: Տարբեր երկրներ գործնականում տարբեր սկզբունքներով են առաջնորդվում: Յուրաքանչյուր երկիր մի շարք պարտականություններ ունի այն մարդկանց նկատմամբ, ովքեր փախստականի կարգավիճակ ունեն, օրինակ, ապահովել նվազագույն մարդկային վերաբերմունքը և խտրականության բացակայությունը: Փախստականների նկատմամբ հիմնական պարտականությունը արտահանձման արգելումն է, ըստ որի, տվյալ երկիրը չի կարող փախստականին հետ ուղարկել այնտեղ, որտեղ նրա կյանքն ու ազատությունը վտանգված են: Իրականում, սակայն, փախստականները հաճախ դառնում են փոփոխական վերաբերմունքի ու խտրականության զոհեր: Նրանք ստիպված են վերակառուցել իրենց կյանքը՝ դիմանալով այլատյացությանը ու ռասիզմին: ՈՒ հաճախ, նրանց չի թույլատրվում աշխատել, նրանք ամբողջովին հույս են դնում հումանիտարական օգնության վրա: Ավելին, փախստական շատ երեխաներ դպրոց չեն հաճախում կրթական ծրագրերի ֆինանսավորման բացակայության պատճառով: Եթե վերանայեք ձեր ընտանիքի պատմությունը, մեծ հնարավորություն կա, որ որոշակի ժամանակահատվածում ձեր նախնիները ստիպված են եղել լքել իրենց հայրենի տունը՝ փախչելով կամ պատերազմից, կամ խտրականությունից ու հալածանքներից: Անհրաժեշտ է հիշել այս պատմությունները, երբ մեզ լուր է հասնում, որ ներկայումս շատ փախստականներ տեղահանվում են ու ապաստան են փնտրում: