Իմ անունը Ջոնաթան Զիթրեյն է, և իմ վերջին աշխատանքում ես մի փոքր վատատես էի։ Այնպես որ, որոշեցի այս առավոտ փորձել լավատես լինել, և հիմքեր տալ հուսալու ինտերնետի ապագայի համար ելնելով ներկա իրավիճակից: Կարող է թվալ, որ այսօր ավելի քիչ հույս կա քան երբևէ: Մարդիկ պակաս բարի են: Ավելի ու ավելի քիչ վստահություն կա: Չգիտեմ: Որպես օրինակ, կարող ենք մի փորձ անել: Ձեզանից քանի՞սն են երբևէ ավտոստոպով ճամփորդել։ Ձեզանից քանի՞սն են ավտոստոպով ճամփորդել վերջին 10 տարիների ընթացքում։ Տեսնում եք: Իսկ ի՞նչ է փոխվել: Հանրային երթևեկությունն ավելի լավը չի դարձել: Դա պատճառ է մտածելու, որ միգուցե մենք սխալ ուղի ենք բռնել։ Բայց ես ցանկանում եմ երեք օրինակ բերել, ցույց տալու համար, որ տենդենցը իրականում հակառակ ուղղությամբ է, և այդ գործում օգնում է ինտերնետը: Օրինակ համար մեկ՝ ինտերնետն ինքնին։ Ահա ինտերնետի երեք հիմնադիրները։ Իրականում նրանք համադասարանցիներ են եղել Լոս Անջելեսի արվարձաններից մեկի դպրոցում 1960-ականներին։ Միգուցե դուք այցելել եք ֆրանսիական ակումբ կամ բանավեճերի ակումբ։ Նրանք այցելում էին «Եկեք կառուցենք գլոբալ ցանց» ակումբ, և այն բավականին հաջողություն ունեցավ։ Այստեղ նրանք պատկերված են իրենց 25-րդ տարեդարձին Newsweek ամսագրի համար, որը հետադարձ հայացքով անդրադառնում է ինտերնետին։ Ինչպես տեսնում եք նրանք բավականին հիմար տեսք ունեն։ Նրանք ունեին մի մեծ սահմանափակում և մի մեծ ազատություն երբ փորձում էին ստեղծել գլոբալ ցանց։ Սահմանափակումն այն էր, որ նրանք գումար չունեին։ Նրանք չունեին որևէ կապիտալ` ներդում անելու համար, այդպիսի ֆիզիկական ցանց կառուցելու համար անհրաժեշտ են մեքենաներ և մարդիկ ինչպես նաև պահուստ, ուր կարելի է գիշերվա ընթացքում տեղափոխել փաթեթեներ։ Նրանք դրանցից որևէ մեկը չունեին։ Բայց նրանք զարմանալիորեն ազատ էին, քանի որ ստիպված չէին գումար վաստակել։ Ինտերնետը բիզնես պլան չուներ, և երբևէ չի ունեցել։ Չկար ոչ մի տնօրեն, կամ ձեռնարկություն, որն ամբողջությամբ պատասխանատու լիներ նրա կառուցման համար։ Ընդհակառակը. մարդիկ հավաքվել են միասին մի բան անելու համար, հանուն զվարճանքի, և ոչ թե որովհետև նրանց այդպես է ասվել, կամ որովհետև նրանք գումար էին ուզում վաստակել։ Այդ դավանանքը ստեղծեց ցանցային ճարտարապետություն` մի համակարգ, որը տարբերվում էր մինչ այդ և դրանից հետո գոյություն ունեցող թվային ցանցերից։ Իրականում այն այնքան տարօրինակ էր, որ շատերն ասում էին, որ պարզ չէ արդյոք ինտերնետը կաշխատի թե ոչ։ Նույնիսկ 1992թ․ IBM-ը հայտարարել էր, որ անհնար է կառուցել կորպորատիվ ցանց օգտագործելով IP պրոտոկոլը։ Եվ նույնիսկ այսօր որոշ համացանցային ինժեներներ ասում են, որ այդ ամենը պիլոտային նախագիծ է, և վերջնական վճիռը դեռ չի կայացվել։ (Ծիծաղ) Այդ իսկ պատճառով համացանցային ճարտարագիտության թալիսմանը, եթե այն գոյություն ունենար, կլիներ իշամեղուն։ Քանի որ, իշամեղվի մարմնի և թևերի լայնության հարաբերությունն այնքան մեծ է որ այն չպիտի կարողանա թռնել: Եվ այնուամենայնիվ, անհասկանալի կերպով, մեղուն թռնում է։ Ուրախ եմ տեղեկացնել, որ կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ մոտ երեք տարի առաջ մենք վերջապես պարզեցինք թե ինչպես են մեղուները թռնում։ (Ծիծաղ) Շատ բարդ է, բայց պարզվում է, որ նրանք շատ արագ են թափահարում իրենց թևերը։ (Ծիծաղ) Իսկ ո՞րն է այն տարօրինակ ճարտարապետական կառուցվածքը, որ ապահովում է ցանցի աշխատանքը և դարձնում այն այդքան արտասովոր։ Դե, համենայն դեպս այն ցանցի, որը տեղեկատվությունը տեղից տեղ է փոխադրում` դա նման չէ առաքիչով փաթեթների փոխադրմանը։ Այն ավելի նման է բեմի առջև իրար բախվելով պարելուն։ (Ծիծաղ) Պատկերացրեք, դուք այնպիսի մի ցանցի մաս եք որ մասնակցում է որևէ սպորտային միջոցառման։ Նստած եք այսպիսի մի շարքում, և ինչ-որ մեկը գարեջուր է խնդրում, և այն տրվում է բեմի մյուս կողմից։ Եվ ձեր, որպես հարևանի, պարտավորությունն է վտանգելով սեփական տաբատը, գարեջուրն առաջ փոխանցել, մինչ այն տեղ կհասնի: Որևէ մեկը ձեզ չի վճարում դա անելու համար: Այն պարզապես ձեր պարտքն է, որպես հարևան: Եվ, ինչ-որ տեղ փաթեթները հենց այդպես են տեղաշարժվում ինտերնետում, երբեմն փոխանցվելով 25-30 անգամ, և տեղեկատվությունը փոխանցող մասնակիցներից ոչ մեկ չունի որևէ պայմանագրային կամ իրավական պարտականություն, ուղարկողի կամ ստաղողի հանդեպ: Իհարկե, երբ դուք բեմի առջևում մարդկանց կույտի մեջ եք, դժվար է նշել հստակ նպատակակետ: Անհրաժեշտ է վստահություն, բայց դա նման չէ «Չէիք օգնի Պենսակոլա հասնել, խնդրում եմ»: Համացանցը կարիք ունի հասցեների և ուղղությունների: Պարզվում է, որ ինտերնետի մեկ ամբողջական քարտեզ գոյություն չունի: Դրա փոխարեն, մենք բոլորս կարծես թատրոնում նստած լինենք, և մառախուղի միջից կարող ենք տեսնել միայն, անմիջապես մեր շուրջը գտնվող մարդկանց: Ինչպես իմանալ, թե ով որտեղ է գտնվում: Մենք պտտվում ենք դեպի մեզնից աջ նստած անձնավորությանը, և ասում նրան թե ով է գտնվում մեր ձախ կողմում: Եվ հակառակը: Եվ այդպես շարունակավաբար: Եվ ահա արդեն դուք ընդհանուր պատկերացում ունեք, թե որտեղ է ամեն բան գտնվում: Համացանցում հասցեավորումը և երթուղման մեխանիզմները հենց այդպես են գործում։ Սա մի համակարգ է, որը հիմնված է բարյացկամության և վստահության վրա, ինչն էլ դարձնում է այն շատ նուրբ և խոցելի: Հազվադեպ բայց զարմանալի դեպքերում նույնիսկ մեկ կողմի փոխանցած սուտը այս մեղրախորիսխում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Այսպես օրինակ, անցած տարի Պակիստանի կառավարությունը պահանջեց իր ինտերնետ պրովայդերներին արգելել Պակիստանի քաղաքացիներին YouTube դիտել: Կար մի տեսահոլովակ, որը կառավարության դուրը չէր գալիս, և նրանք ուզում էին համոզվել, որ այն արգելափակված է: Սա բավականին հաճախ հանդիպող պատմություն է: Ամենուր կառավարությունները հաճախ փորձում են արգելափակել և ֆիլտրել և գրաքննության ենթարկել ինտերնետում տեղադրված նյութը: Բայց Պակիստանի պրովայդերներից մեկը որոշեց իր բաժանորդների ինտերնետն արգելափակել բավականին տարօրինակ կերպով։ Նա հայտարարեց... երբ իրենից պահանջվեց, համացանցի մի մասը լինելով, հայտնել թե ինչ է երևում մոտակայքում, այն հայտարարեց որ իր մոտակայքում, հանկարծակի հայտնաբերել է, ավելի ճիշտ, որ հենց ինքը YouTube-ն է։ «Ճիշտ այդպես», ասեց նա, «ես YouTube-ն եմ»։ Դա նշանակում էր, որ տեղեկատվության փաթեթները, որոնք բաժանորդներից YouTube էին գնում, մնում էին պրովայդերի մոտ, մտածելով, որ արդեն տեղ են հասել։ Իսկ պրովայդերը դրանք միանգամից դեն էր նետում, քանի որ նրա խնդիրը դրանց արգելափակումն էր։ Բայց պատմությունն այդտեղ չավարտվեց։ Քանի որ այդ հայտարարությունը մեկ քայլ առաջ գնաց, և քայլ առ քայլ առաջ գնալով տարածում ստացավ։ Եվ պարզվեց, որ երբ դիտենք այդ դեպքի վերլուծությունը, պարզ կդառնա որ մի պահ մենք ունենք աշխատող YouTube: Եվ հանկարծ հաջորդ պահին, հաղորդվում է այդ կեղծ հայտարարությունը։ Եվ երկու րոպեի ընթացքում այն տարածվում է, և YouTube-ը արգելափակվում է ամբողջ աշխարհում։ Եթե դուք նստած եք Օքսֆորդում, Անգլիայում, և փորձում եք մտնել YouTube, ձեր փաթեթեները գնում են Պակիստան և չեն վերադառնում։ Միայն մտածեք դրա մասին։ Դա աշխարհի ամենահանրաճանաչ կայքերից մեկն է, որը պատկանում է աշխարհի ամենահզոր կազմակերպությանը, սակայն ոչ YouTube-ը, ոչ էլ Google-ը արտոնություն չունեին այդ պարագայում որևէ բան անելու համար: Եվ չնայած դրան, մոտ երկու ժամում խնդիրը լուծվեց։ Ինչպե՞ս դա պատահեց։ Այդ հարցին պատասխանելու համար անդրադառնանք NANOG-ին, Հյուսիսամերիկյան ցանցային օպերատորների խմբին։ Սա այնպիսի մարդկանց խումբ է, որոնք, երբ դրսում հրաշալի օր է, մտնում են առանց պատուհանների սենյակ, նստում իրենց տերմինալների առջև կարդում էլ․ նամակներ և հաղորդագրություններ, ֆիքսված չափի տառատեսակով, ինչպիսին սա է, և խոսում են ցանցերի մասին։ Նրանցից ոմանք աշխատում են աշխարհի տարբեր ինտերնետ պրովայդեր կազմակերպություններում: Ահա այն հաղորդագրությունը, որում նրանցից մեկն ասում է, «Կարծես թե խնդիր ունենք։ YouTube-ն առևանգել են։ Սա ուսումնական նպատակով չէ արված, և ոչ էլ YouTube ինժեներների պատահական սխալ է։ Համոզված եմ, ինչ-որ բան այնպես չէ Պակիստանում։ Եվ նրանք բոլորը միավորվում են խնդիրը հայտնաբերելու և լուծելու համար։ Սա նման է նրան, երբ Ձեր տանը կրակ է բռնկվում։ Վատն այն է, որ հրշեջ ջոկատ չկա։ Լավն այն է, որ հայտնվում են պատահական մարդիկ, հանգցնում կրակը, և հեռանում առանց վճարի կամ գովասանքի ակնկալիքի։ (Ծափահարություններ) Ես փորձում էի անծանոթների կողմից այսպիսի պատահական բարի արարքները նկարագրելու ճիշտ մոդելը գտնել: (Ծիծաղ) Գիտեք, կարծես խնդիր է առաջանում, և մարդիկ պատրաստ են օգնել: Եվ երբ սկսում ես փնտրել, պարզվում է, որ, այս մոդելն ամենուր է։ Օրինակ համար երկու՝ Վիքիփեդիա։ Եթե 2001թ․-ին Ջիմբո անունով մեկը մոտենար ձեզ և ասեր․ «Ես մի հրաշալի միտք ունեմ։ Մենք կսկսենք 17 հոդվածից, որոնք յուրաքանչյուր մարդ յուրաքանչյուր պահի կարող է խմբագրել, և մենք կունենանք հրաշալի հանրագիտարան։ Հը՞»: Իհարկե։ Աշխարհի ամենահիմար միտքն է։ (Ծիծաղ) Իրականում, Վիքիփեդիայի միտքն այնքան հիմար է, որ նույնիսկ Ջիմբոյի մտքով այն չի անցել։ Ջիմբոյի մտահղացումը Նուպեդիան էր։ Այն պիտի ամբողջովին ավանդական լիներ։ Նա մարդկանց գումար կվճարեր, որովհետև նա լավ մարդ էր, և մարդիկ գումար կստանային և հոդվածներ կգրեին։ Վիքին ստեղծվեց, որպեսզի մյուսները կարողանան խմբագրական առաջարկներ անել, համարյա որպես ուշացած մտքերի համար մի սենյակ։ Իսկ ապա այնպես ստացվեց, որ սենյակը մեծացավ և ընդգրկեց ամբողջ նախագիծը։ Եվ այսօր Վիքիփեդիան այնքան համատարած է, որ դուք կարող եք գտնել այն չինական ռեստորանների ճաշացուցակներում։ (Ծիծաղ) Ես սա չեմ հնարում։ (Ծիծաղ) Մի տեսություն ունեմ, որը կարող եմ հետո բացատրել։ Հիմա պարզապես ասեմ, որ նախընտրում եմ իմ Վիքիփեդիան կարմիր պղպեղով տապակված։ (Ծիծաղ) Բայց Վիքիփեդիան ինքն իրենով չի աշխատում։ Ինչպե՞ս է այն իրականում աշխատում։ Պարզվում է, կա մի սենյակ, որը չունի պատուհան, փոխաբերական իմաստով։ Եվ կա մարդկանց մի խումբ, որոնք արևոտ օրերին, նախընտրում են նստել ներսում և վերահսկել ադմինիստրատորի ծանուցումների էջը, որն ինքնին վիքի էջ է, որը յուրաքանչյուրը կարող է խմբագրել։ Եվ մարդիկ այդ էջի վրա նկարագրում են առաջացած խնդիրները։ Այն հիշեցնում է պատմության սահմանումը՝ «մի անիծյալ բան մյուսի հետևից», այնպես չէ՞։ Համար մեկ․ «Միտումնավոր խմբագրում Andyvphil օգտվողի կողմից»։ Ներիր ինձ, Andyvphil, եթե այսօր այստեղ ես։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում։ «Անոնիմ ինչ-որ մեկը հարձակվում է ինձ վրա փոփոխությունը չընդունելու պատճառով»։ Այս մեկն ամենաշատն եմ սիրում․ «Երկար պատմություն»։ (Ծիծաղ) Պարզվում է, որ ավելի շատ մարդ է ստուգում թե արդյոք կայքում խնդիրներ կան, և ցանկանում դրանք լուծել քան իրական խնդիրների թիվն է: Եվ հենց դա է Վիքիփեդիան ջրի երեսին պահում: Բոլոր ժամանակներում, Վիքիփեդիան մոտ 45 րոպե է հեռու ամբողջական կործանումից: Այդպես չէ: Ավտոմատացված սփամի ծրագրերը փորձում են յուրաքանչյուր հոդված Ռոլեքս ժամացույցի գովազդի վերածել։ (Ծիծաղ) Վիքին գոյություն ունի այդ մարդկանց շնորհիվ, որոնք պահպանում են այն: Ոչ թե որովհետև դա աշխատանք է: Ոչ թե որովհետև դա մասնագիտություն է, այլ որովհետև դա կոչում է: Դա մի բան է, որ նրանք պարտավորված են զգում անել, որովհետև այն կարևոր է նրանց համար: Նրանք նույնիսկ համախմբվում են այնպիսի խմբերում, ինչպիսին է «Քաղաքավարություն, չափահասություն, պատասխանատվություն» վանդալիզմի դեմ խումբն է, որի նպատակն է մաքուր պահել էջերը: Իհարկե հարց է առաջանում, եթե օրինակ, չափազանց սիրված Star Trek-ի հսկա մի փառատոն տեղի ունենա, ո՞վ պիտի խանութին հետևի: (Ծիծաղ) Մենք տեսնում ենք, (Ծիծաղ) Այս երևույթում մենք տեսնում ենք նույնը, ինչ ճանապարհի երթևկության մի խենթ նախագծող Հանս Մոնդերմանը հայտնաբերել էր Նիդերլանդներում և այստեղ Հարավային Քենսինքթոնում, որ երբեմն, երբ հեռացնում ենք արտաքին կանոնները, նշանները և մնացած ամեն բան, մենք իրականում ունենում ենք շատ ավելի ապահով միջավայր, որտեղ մարդիկ կարող են գործել, և ավելի մարդկային գտնվել մեկը մյուսի հանդեպ: Նրանք գիտակցում են, որ պիտի պատասխանատու լինեն իրենց արարքների համար: Եվ Վիքիփեդիան որդեգրել է այդ մոտեցումը: Ձեզանից ոմանք միգուցե կհիշեն Star Wars-ի պատանուն, խեղճ պատանին, որ նկարահանել էր իրեն գոլֆի գնդակի մականով խաղալիս այնպես կարծես այն լուսային թուր լինի: Ֆիլմն, առանց իր թույլտվության և սկզբնական շրջանում նույնիսկ առանց իր իմացության հայտնվեց համացանցում: Այն վիրուսային հոլովակ դարձավ, և հսկայական տարածում ստացավ: Ստորացուցիչ էր տղայի համար։ Լինելով հանրագիտարան, Վիքիփեդիան պարտավոր էր ունենալ Star Wars պատանու մասին հոդված: Վիքիփեդիայի յուրաքանչյուր հոդված ունի համապատասխան քննարկումների էջ: Եվ քննարկման էջի վրա, Վիքիփեդիականները մի հսկայական բանավեճ ծավալեցին, հոդվածում տղայի իրական անունը նշելու խնդրի շուրջ: Երկու կողմերն էլ ունեին փաստարկներ: Ահա դրանցից մի քանիսը: Վերջ ի վերջո որոշվեց, իհարկե դա միաձայն որոշում չէր, չներառել տղայի իրական անունը, չնայած նրան, որ համարյա բոլոր լրագրողներն ընդգրկել էին նրա անունը: Նրանք պարզապես չէին կարծում, որ դա ճիշտ կլինի: Դա բարության դրսևորում էր: Եվ մինչ այսօր, Star Wars պատանու էջը աջ վերևի մասում ունի զգուշացում, որն ասում է, որ չի կարելի ընդգրկել նրա իրական անունը: Եթե դուք նշեք այն, անունն անմիջապես կհեռացվի, մարդկանց կողմից, որոնք միգուցե և համաձայն չէին նախնական որոշման հետ, բայց հարգում են վերջնական արդյունքը, և աշխատում են պահպանել այն, որովհետև նրանք հավատում են, որ սեփական կարծիքից զատ ավելի կարևոր բան կա: Որպես իրավաբան պիտի ասեմ, որ այս մարդիկ այս ընթացքում ստեղծում են օրենք, նախադեպային որոշումներ և նման բաներ։ Սա չի սահմանափակվում միայն Վիքիփեդիայի օրինակով։ Մենք տեսնում ենք դա ամենուր` բլոգերի օրինակով։ Սա 2005 Business Week-ի շապիկն է։ Բլոգերը փոխելու են ձեր բիզնեսը։ Գիտեմ դրանք հիմար տեսք ունեն: Վստահաբար դրանք հիմար տեսք ունեն։ Դրանք օգտագործվում են տարբեր տեսակի ցանցառ նախագծերի համար։ Սա իմ ամենասիրելի ցանցառ բլոգն է Catsthatlooklikehitler.com. (Ծիծաղ) Դուք ուղարկում եք ձեր կատվի նկարը, եթե այն նման է Հիտլերին: (Ծիծաղ) Գիտեմ: Համար չորսը.. կարող եք պատկերացնել ամեն օր տուն գնալ այդ կատվի մոտ: (Ծիծաղ) Դուք կարող եք տեսնել նույն տարօրինակ գաղափարները կիրառված նաև մարդկանց հանդեպ։ Ահա սա մի բլոգ է նվիրված անհաջող դիմանկարներին։ Այս մեկն ասում է, «Հովվերգական մարգագետին երկփեղկանի ցանկապատով։ Նրա հետևում կենդանու դիակ է՞»: (Ծիծաղ) Դուք էլ ասում եք, «Գիտեք, կարծում եմ դա կենդանու դիակ է նրա հետևում»: Եվ այդպես, մեկը մյուսի հետևից: Բայց այնուհետև տեսնում եք հետևյալը. նկարը հեռացված է սեփականատիրոջ խնդրանքով: Այդքան բան: Նկարը հեռացված է սեփականատիրոջ խնդրանքով: Պարզվում է, որ ինչ-որ մեկը, ում ծաղրել են այս կայքում, գրել է կայքը վարող անձին, և ոչ թե սպառնացել է կամ գումար առաջարկել, այլ պարզապես ասել, «Դեմ չե՞ս լինի»: Անձն էլ պատասխանել է՝ իհարկե ոչ։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք կառուցել առցանց ճարտարապետություն, որը կնպաստի նրան, որ այսպիսի մարդկային խնդրանքները շատ ավելի դյուրին լինեն, և որը հնարավոր կդարձնի մեզ տեսնել որ տեղեկատվությունը, որի հետ մենք առընչվում ենք ցանցում, ուղղակի բաներ են, որ մենք կարող ենք, ընդօրինակել կամ ուղարկել մյուսներին, ինչն իրականում պատկերում է մարդկային զգացմունքներ, ջանք և ազդեցություն, և բարոյագիտական մոտեցում ցուցաբերել կարողանալու համար, երբ մենք որոշում ենք կայացնում ինչպես վարվել այդ տեղեկատվության հետ։ Ես նույնիսկ կարծում եմ, որ սա կարող է կիրառվել իրական աշխարհում։ Հնարավոր է, որ գրաքննությունն ավելի մեծ չափերի հասնի, ամեն ուր նկարահանող սարքավորումներ կան, միգուցե այնհուհետև այդ ամենը հայտնվում է համացանցում: Եվ մենք կարող ենք ունենալ մի փոքրիկ կրծքանշան, որի վրա գրված կլինի, «Գիտեք, ես չէի ցանկանա»: Եվ այնուհետև ունենալ տեխնոլոգիա, որի միջոցով, լուսանկարողը կարող է իմանալ, որ այս անձը խնդրել է կապնվել իր հետ, մինչ իր նկարը տարածում կստանա, եթե դեմ չեք: Եվ լուսանկարողը կարող է որոշում կայացնել, թե արդյոք հաշվի առնել խնդրանքը և ինչպես դա անել: Իրական աշխարհում մենք տեսնում ենք նման ֆիլտրում, որը տեղի է ունենում Պակիստանում: Եվ այժմ մենք հնարավորություն ունենք կառուցել այնպիսի համակարգ, որտեղ մարդիկ կարող են զեկուցել ֆիլտրման մասին, երբ հանդիպում են այն: Սա այլևս պարզապես «Չգիտեմ: Չկարողացա այնտեղ հասնել: Անցնեմ առաջ» չէ, այլ ուղղակի դառնում է կոլեկտիվ գիտակցություն, ցանցում արգելափակված և գրաքննության ենթարկված նյութի մասին: Իրականում, կարծես տեխնոլոգիան ընդօրինակում է կյանքը, որն ընդօրինակում է տեխնոլոգիան, կամ հակառակը: Նյու-Յորքի համալսարանի մի հետազոտող պատրաստել էր ստվարաթղթից փոքրիկ ռոբոտներ, որոնց վրա պատկերված էին դեմքեր, և որոնք ունեին շարժիչ, որն էլ նրանց առաջ էր տանում, ինչպես նաև մի դրոշակ որտեղ նշված էր նպատակակետը: Այնտեղ գրված էր. «Կարո՞ղ եք օգնել ինձ տեղ հասնել»։ Այն բաց էր թողված Մանհեթենի փողոցներում: (Ծիծաղ) Այսօր ամեն ինչ ֆինանսավորում են: Ահա մի դիագրամ, որը ցույց է տալիս ավելի քան 43 մարդկանց, որոնք օգնել են ռոբոտին առաջ գնալ, երբ այն չէր կարող շարժվել, և ճիշտ ուղու վրա դնել, Վաշինգտոնի Սքուեր պուրակի մի անկյունից մյուսը հասնելու համար։ Որը բերում է մեզ օրինակ համար երեքին․ ավտոստոպով ճամփորդությանը։ Ես չեմ կարծում, որ ավտոստոպով ճամփորդությունն անցյալում է։ Ինչու՞։ Գոյություն ունի Craigslist ուղևորությունների տախտակ։ Եթե այն կոչվեր Craigslist ավտոստոպով ճամփորդությունների տախտակ, հավանաբար այնտեղ մոլախոտներ կաճեին։ Բայց դա ուղևորություններ համատեղելու տախտակ է, և սկզբունքորեն նույն բանն է։ Ինչու՞ են մարդիկ այն օգտագործում։ Չգիտեմ։ Միգուցե նրանք կարծում են, որ մարդասպանները նախօրոք չեն պլանավորում։ (Ծիծաղ) Չէ։ Իրականում կարծում եմ, որ երբ դուք վերափոխում եք մի բան, երբ ազատվում եք ծրագրի հին սպասելիքներից, մի ձախողված ծրագիր, որը հաջողակ է եղել անցյալում, բայց այժմ ինչ-որ պատճարով իր դարն ապրել է, դուք իրականում կարող եք վերածնել այնպիսի մարդկային բարիություն և մասնակցություն, որ հանդիպում է Craigslist-ում։ Եվ այնուհետև դուք կարող եք վերափոխել այն ենթադրենք, CouchSurfing.org-ի։ CouchSurfing.org-ը մեկ երիտասարդի գաղափար է, միավորել մարդկանց, որոնք հեռու մի տեղ են ճամփորդում և կցանկանային անվճար գիշերել որևէ անծանոթի տանը, այն մարդկանց հետ, որոնք հեռու մի տեղում են ապրում, և ցանկանում են անվճար օթևան տրամադրել որևէ անծանոթի: Դա հրաշալի միտք է: Դա մեղու է, որը թռնում է: Զարմանալի է, թե քանի հաջողակ օրինակներ են եղել: Եվ եթե ցանկանում եք իմանալ, CouchSurfing-ի հետ առչություն ունեղող ոչ մի հայտնի մահվան դեպք չի գրանցվել: Չնայած ներկայումս գնահատման համակարգն այնպիսին է, որ դուք գրանցում եք Ձեր կարծիքը միայն փորձից հետո: Այնպես որ, հնարավոր է, որ այստեղ կանխակալ ընտրության խնդիր կա: (Ծիծաղ) Այսպիսով, իմ համոզմունքը, իմ միտքն այն է, որ համացանցը տեղեկատվության կույտ չէ: Այն գոյական չէ: Այն բայ է: Եվ երբ դուք օգտվում եք դրանից, եթե ականջ դնեք և բավականին ուշադիր նայեք, դուք կհայտնաբերեք, որ այդ տեղեկատվությունը ինչ-որ բան է ասում ձեզ: Այն ասում է նույնն ինչ երեկ Դեմեսթենեսն էր ասում: Այն ասում է. «Եկեք առաջ քայլենք»։ Շատ շնորհակալություն: (Ծափահարություններ)