Մի քանի շաբաթ առաջ ես հնարավորություն ունեցա այցելել Սաուդյան Արաբիա Եվ առաջին բանը, որ ցանկացա անել որպես մահմեդական, Մեքքա գնալ և Քաաբա այցելելն էր` Իսլամի ամենակարևոր սրբատեղին: Եվ ես արեցի դա. հագա իմ ծիսական հագուստը, գնացի Սուրբ Մզկիթ, աղոթեցի, հետևեցի բոլոր ծեսերին, Եվ միաժամանակ բացի այդ ամբողջ հոգևոր արարողակարգից, Քաաբայում տեսա մի աշխարհիկ երևույթ, որն ինձ շատ հետաքրքրեց: Չկար սեռերի բաժանում: Այլ կերպ ասած, տղամարդիկ և կանայք միասին էին պաշտամունք անում: Նրանք միասին էին Թաուաֆի ժամանակ` Քաաբայի շուրջ քայլելիս: Նրանք միասին էին աղոթելիս: Եվ եթե մտածում եք` ինչու է սա ընդհանրապես հետաքրքիր, ապա պետք է Սաուդյան Արաբիայի մյուս մասերում լինեք, քանի որ այս երկիրը կտրուկ կերպով բաժանված է սեռերի միջև: Այլ կերպ ասած, որպես տղամարդ, դու ուղղակի չպետք է գտնվես կնոջ հետ միևնույն ֆիզիկական տարածությունում: Եվ դա ես նկատեցի շատ զավեշտալի կերպով: Ես մեկնեցի Քաաբաից Մեքքայի կենտրնում ինչ-որ բան ուտելու համար: Ուղևորվեցի մոտակա Բուրգեր Քինգ ռեստորան: Երբ գնացի այնտեղ, նկատեցի, որ կար տղամարդկանց բաժին, որը զգուշորեն առանձնացված էր կանանց բաժնից: Եվ ես պետք է վճարեի, պատվիրեի և ուտեի տղամարդկանց բաժնում: "Զավեշտալի է", - ասացի ինքս ինձ, - "դու կարող ես խառնվել հակառակ սեռի հետ Սուրբ Քաաբայում, իսկ Բուրգեր Քինգում` ոչ: Բավականին հեգնական է: Բացի հեգնական լինելուց, այն նաև իմ կարծիքով շատ բան է ասում: Քանի որ Քաաբան և դրա շուրջ ծեսերը Իսլամի վաղ շրջանի մասունքներ են, Մուհամեդ մարգարեի շրջանից: Եվ եթե այդ ժամանակ մեծ շեշտադրում լիներ առանձնացնելու տղամարդկանց և կանանց, Քաաբայի շուրջ ծեսերը կկատարվեին համապատասխանաբար: Սակայն, ըստ երևույթին, դա հարց չէր այն ժամանակ: Այսպիսով, ծեսերը այդպես էին: Սա նույնպես, կարծում եմ, հաստատվում է այն փաստով, որ կանանց մեկուսացումը բաժանված հասարակություն ստեղծելու գործում չեք գտնի Ղուրանում, իսլամի առանցքում, իսլամի սուրբ առանցքում, որին հավասարապես հավատում են բոլոր մահմեդականները, այդ թվում և ես: Եվ կարծում եմ, պատահական չէ, որ դուք չեք գտնի այս գաղափարը իսլամի բուն ծագման մեջ: Որովհետև շատ գիտնականներ, ովքեր ուսումնասիրում են մահմեդական մտքի պատմություն, թե մահմեդական, թե արևմտյան գիտնականներ, կարծում են, որ կանանց և տղամարդկանց ֆիզիկապես բաժանելու սովորությունը եկավ իսլամի հետագա զարգացման արդյունքում, երբ մահմեդականները ընդունեցին Մերձավոր Արևելքի նախկին որոշ մշակույթներ և ավանդույթներ: Կանանց մեկուսացումն իրականում բյուզանդական և պարսկական սովորույթ էր, և մահմեդականներն այն ընդունելով, դարձրեցին իրենց կրոնի մի մաս: Իրականում սա միայն մի օրինակ է շատ ավելի մեծ մի երևույթի: Այն, ինչ այսօր մենք անվանում ենք մահմեդական օրենք կամ հատկապես մահմեդական մշակույթ, և իսկապես գոյություն ունեն բազմաթիվ իսլամական մշակույթներ, Սաուդյան Արաբիայինը շատ տարբեր է այնտեղից, որտեղից ես եմ գալիս` Ստամբուլ կամ Թուրքիա: Այնուամենայնիվ, եթե խոսում եք մահմեդական մշակույթի մասին, այն ունի առանցք, աստվածային հաղորդագրություն, որը հիմք դրեց կրոնին, սակայն հետագայում բազմաթիվ ավանդույթներ, ընկալումներ, շատ սովորույթներ ավելացվեցին դրա վրա: Եվ դրանք Մերձավոր Արևելքի ավանդույթներն էին, միջնադարյան ավանդույթներ: Եվ երկու կարևոր հաղորդագրություն կամ երկու դասեր կան, որ պետք է վերցնենք այդ իրականությունից: Նախևառաջ, մահմեդականները, բարեպաշտ, պահպանողական, հավատացյալ մահմեդականները, ովքեր ցանկանում են հավատարիմ լինել իրենց կրոնին, չպետք է կառչեն իրենց մշակույթում առկա ամեն ինչից, մտածելով, որ այն աստվածայնորեն պարտադիր է: Միգուցե որոշ բաներ վատ ավանդույթներ են և պետք է փոխվեն: Մյուս կողմից, Արևմուտքի բնակիչները, ովքեր նայում են մահմեդական մշակույթին, և տեսնում որոշ անհանգստացնող հանգամանքներ, չպետք է պատրաստակամորեն հետևություն անեն, որ սա այն է, ինչ իսլամն է սահմանում: Միգուցե մերձվորարևելյան մշակույթն է, որ շփոթում են իսլամի հետ: Գոյություն ունի սովորույթ, որը կոչվում է կնոջ թլփատում: Սա մի սարսափելի, ահավոր երևույթ է: Իրականում սա վիրահատություն է, որը կանանց զրկում է սեռական հաճույքից: Եվ Արևմուտքի բնակիչները, եվրոպացիներն ու ամերիկացիները, ովքեր նախկինում չգիտեին սրա մասին, հանդիպեցին այս սովորույթին որոշ մահմեդական համայնքներում, ովքեր ներգաղթել էին հյուսիսային Աֆրիկայից: Եվ նրաք մտածեցին. "Օ, ինչ սարսափելի կրոն է սա, որը սահմանում է նման բան": Սակայն երբ նայում եք կնոջ թլփատմանը, տեսնում եք, որ դա իսլամի հետ կապ չունի, այլ ուղղակի հյուսւսաֆրիկյան սովորույթ է, որը նախորդում է իսլամին: Այն գոյություն ուներ հազարավոր տարիներ: Եվ, բնականաբար, որոշ մահմեդականներ հետևում են այդ սովորույթին: Հյուսիսային Աֆրիկայի մահմեդականները, ոչ թե այլ վայրերի: Սակայն Հյուսիսային Աֆրիկայի ոչ-մահմեդական համայնքները` անիմիստները, նույնիսկ որոշ քրիստոնյաներ, և նույնիսկ հրեական մի ցեղ Հյուսիսային Աֆրիկայում հետևում է թլփատման ավանդույթին: Այսպիսով, այն, ինչ թվում է խնդիր իսլամական կրոնի մեջ, կարող է պարզվել, որ ավանդույթ է, որին հետևում են մահմեդականները: Նույնը կարելի է ասել նաև պատվո սպանությունների մասին, որը արևմտյան լրատվամիջոցների հերթական թեմաներից է, և որը, իհարկե, սարսափելի ավանդույթ է: Եվ մենք իսկապես տեսնում ենք այդ ավանդույթը որոշ մահմեդական համայնքներում: Սակայն Մերձավոր Արևելքի ոչ մահմեդական համայնքներում, ինչպես օրինակ քրիստոնեական կամ արևելյան համայնքում, տեսնում ենք նույն սովորույթը: Մենք ունեցանք պատվո սպանության դժբախտ մի դեպք Թուրքիայի հայկական համայնքում մի քանի ամիս առաջ: Սրանք ընդհանուր մշակույթի դեպքեր են, բայց ես նաև շատ հետաքրքրված եմ քաղաքական մշակույթով, և արդյոք ազատությունն ու ժողովրդավարությունը գնահատվում են, թե գոյություն ունի ավտորիտար քաղաքական մշակույթ, որի դեպքում պետությունը քաղաքացիներին պարտադրում է որոշ բաներ: Եվ գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքի բազմաթիվ մահմեդական շարժումներ հակված են լինել ավտորիտար, և որոշ այսպես կոչված "մահմեդական վարչակարգեր", ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, և վատագույն դեպքը Թալիբանն էր Աֆղանստանում, կասկած չկա, որ նրանք բավականին ավտորիտար են: Օրինակ, Սաուդյան Արաբիայում գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է կրոնական ոստիկանություն: Եվ այդ կրոնական ոստիկանությունը պարտադրում է մահմեդական ենթադրյալ կենսակերպը բոլոր քաղաքացիներին, ուժով, ինչպես օրինակ կանայք ստիպված են ծածկել իրենց գլուխները, կրել հիջաբ, մահմեդական գլխաշոր: Այսօր դա բավականին ավտորիտար է, և մեկն է այն երևույթներից, որ ես խիստ քննադատում եմ: Բայց երբ գիտակցեցի, որ ոչ մահմեդական կամ ոչ-մահմեդական-մտածելակերպով դերակատարները նույն տարածքում երբեմն նույն կերպ էին վարվում, գիտակցեցի, որ միգուցե խնդիրը կայանում է ողջ տարածաշրջանի քաղաքական մշակույթի մեջ, ոչ թե իսլամի: Թույլ տվեք մի օրինակ բերել. Ես Թուրքիայից եմ, որը գերաշխարհիկ պետություն է, դեռ բոլորովին վերջերս գոյություն ուներ այն, ինչ կոչում եմ աշխարհիկ ոստիկանություն, որը պահպանում էր համալսարանները գլխաշորով ուսանողներից: Այլ կերպ ասած, նրանք պարտադրում էին ուսանողներին գլուխները չծածկել: Եվ ես կարծում եմ, որ ստիպել մարդկանց չծածկել իրենց գլուխները այնքան բռնապետական է, որքան ստիպել ծածկել: Դա պետք է լինի քաղաքացու որոշումը: Սակայն երբ ես դա տեսա, մտածեցի. "Միգուցե խնդիրը ուղղակի տարածաշրջանում ավտորիտար մշակույթն է, և որոշ մահմեդականներ կրել են այդ ազդեցությունը" Սակայն աշխարհիկ մտածելակերպ ունեցող անձինք ևս կարող են կրել այդ ազդեցությունը: Միգուցե դա քաղաքական մշակույթի հիմնախնդիր է, և մենք պետք է մտածենք ինչպես փոփոխել քաղաքական մշակույթը: Սրանք են այն հարցերից մի քանիսը, որոնք կային իմ մտքում մի քանի տարի առաջ, երբ նստեցի գիրք գրելու: Ես ասացի. "Լավ, ես հետազոտություն կիրականացնեմ, թե ինչպես է իսլամը դարձել այն, ինչ այժմ է, ինչ ճանապարհներ է անցել, և ինչ ճանապարհներ կարող էր անցնել: Գրքի անվանումն է "Իսլամն առանց ծայրահեղությունների. Մահմեդական դեպք ազատության համար": Եվ ինչպես ենթավերնագիրն է հուշում, ես ուսումնասիրեցի իսլամական ավանդույթն ու իսլամական միտքի պատմությունը անհատի ազատության տեսանկյունից և փորձեցի գտնել` որոնք են ուժեղ կողմերը անհատի ազատության տեսանկյունից: Եվ այդ ուժեղ կողմերը գոյություն ունեն իսլամական ավանդույթում: Իսլամը իրականում, որպես միաստված կրոն, որը սահմանեց մարդուն որպես պատասխանատու էակ, ստեղծեց անհատի գաղափարը Մերձավոր Արևելքում և փրկեց այն համայնքայնությունից` կոլեկտիվիզմից ցեղի: Սրանից կարելի է բազմաթիվ մտքեր առանձնացնել: Սակայն, բացի դա, ես նաև նկատեցի հիմնախնդիրներ իսլամական մշակույթի մեջ: Բայց մի բան հետաքրքրաշարժ էր. Պարզվեց, որ այդ խնդիրների մեծ մասը հետագայում են առաջացել, ոչ թե Իսլամի աստվածային հիմքից, Ղուրանից, այլ նորից ավանդույթներից և մտածելակերպից կամ Ղուրանի այն մեկնաբանություններից, որոնք արվել էին մահմեդականների կողմից Միջնադարում: Ղուրանն, օրինակ, չի թույլատրում քարկոծելը: Պատիժ չկա դասալքության համար: Պատիժ չկա անձնական քայլերի համար, ինչպես օրինակ, ալկոհոլային խմիչք օգտագործելը: Նման բաները, որոնք կազմում են Իսլամական Օրենքը, Իսլամական Օրենքի մտահոգիչ կողմերը հետագայում են զարգացել իսլամի հետագա մեկնաբանությունների մեջ: Սա նշանակում է, որ այսօր մահմեդականները կարող են նայել այդ երևույթնորին և ասել. "Մեր կրոնի բուն հիմքը այստեղ է, մեզ հետ: Դա մեր հավատքն է. և մենք դրան հավատարիմ կլինենք": Բայց մենք կարող ենք փոխել դրա մեկնաբանությունը, քանի որ այն մեկնաբանվել է միջնադարի ժամանակների ու միջավայրի համապատասխան: Հիմա մենք ապրում ենք բազմազան աշխարհում™ տարբեր արժեքներով ու տարբեր քաղաքական համակարգերով: Այդ մեկնաբանությունը բավականին հնարավոր և իրագործելի է: Եթե ես լինեի միակը, ով այսպես է մտածում, խնդիրներ կառաջանային: Բայց դա բոլորովին այդպես չէ: Իրականում, 19-րդ դարից սկսած գոյքւթյուն ունի ռևիզիոնիստական, բարեփոխական կոչեք ինչպես ուզում եք, ավանդույթ, միտում իսլամական մտածողության մեջ: Եվ նրանք մտավորականները կամ պետական գործիչներն էին 19րդ, ապա նաև 20-րդ դարերի, ովքեր նայում էին հիմնականում Եվրոպային և տեսնում, որ Եվրոպան հիացմունքի արժանի շատ բաներ ունի, ինչպես օրինակ գիտությունն ու տեխնոլոգիան: Բայց ոչ միայն այդ. նաև ժողովրդավարություն, խորհրդարան,. ներկայացուցչության գաղափարը, հավասար քաղաքացիության գաղափարը: Այդ մահմեդական մտածողները, մտավորականներն ու պետական գործիչները 19-րդ դարի նայում էին Եվրոպային, տեսնում այդ ամենը: Նրանք ասում էին. "Ինչու մենք չունենք այդ ամենը" Եվ նրանք հայացք էին նետում մահմեդական ավանդույթին, տեսնում խնդրահարույց առումները, որոնք, սակայն, կրոնի հիմնաքարը չէն, ուստի կարելի է վերաիմաստավորել, և Ղուրանը կարող է վերընթերցվել ժամանակակից աշխարհում: Այդ միտումն ընդհանուր առմամբ կոչվում է իսլամական մոդեռնիզմ, և այն զարգացվել է մտավորականների ու պետական գործիչների կողմից սակայն ոչ թե որպես միայն ինտելեկտուալ գաղափար, այլ նաև որպես քաղաքական ծրագիր: Ահա թե ինչու փաստորեն 19-րդ դարում Օսմանյան կայսրությունը, որն այն ժամանակ ընդգրկում էր ողջ Մերձավոր Արևելքը, շատ կարևոր բարեփոխումներ արեց, ինչպես օրինակ քրիստոնյաներին ու հրեաներին հավասար քաղաքացիություն տալը, սահնամադրություն ընդունելը, ներկայացուցչական խորհրդարան ընդունելը, կրոնի ազատության գաղափարը զարգացնելը: Ահա թե ինչու Օսմանյան կայսրությունն իր վերջին տասնամյակներում վերածվեց նախա-ժողովրդավարության, սահմանադրական միապետության: Եվ ազատությունն այդ ժամանակ շատ կարևոր քաղաքական արժեք էր: Նմանապես, արաբական աշխարհում կար այն, ինչ մեծ արաբ պատմաբան Ալբերտ Հուրանին սահմանում է որպես Ազատական Դարաշրջան: Նա ունի գիրք ` "Արաբական միտքն Ազատական դարաշրջանում": Եվ Ազատական դարաշրջան ասելով նա նկատի ունի 19-րդ և վաղ 20-րդ դարերը: Սա հատկապես գերիշխող ուղղություն էր 20-րդ դարի սկզբին իսլամական մտածողների, պետական գործիչների և աստվածաբանների շրջանում: Սակայն մի շատ հետաքրքիր մոդել կա 20-րդ դարի մյուս ժամանակահատվածում, քանի որ մենք տեսնում ենք սուր հետընթաց իսլամական մոդեռնիստական ուղղությունում: Եվ տվյալ դեպքում Իսլամիզմն աճում է որպես մի գաղափարախոսություն, որն ավտորիտար է, որը բավականին սուր է, բավականին հակաարևմտյան և որը փորձում է ձևավորել հասարակություն ուտոպիական տեսլականի հիման վրա: Այսպիսով, իսլամիզմը խնդրահարույց գաղափար է, որն առաջացրեց բազմաթիվ հիմնախնդիրներ 20-րդ դարի իսլամական աշխարհում: Եվ նույնիսկ իսլամիզիմի ամենածայրահեղ ձևերը հանգեցրին ահաբեկչության ` հանուն իսլամի, որն իմ կարծիքով իրականում դեմ է իսլամին, սակայն, որոշ ակնհայտորեն ծայրահեղականներ այդպես չէին կարծում: Սակայն այստեղ կա մի հետաքրքիր հարց. եթե իսլամական մոդեռնիզմն այդքան հայտնի էր 19-րդ և վաղ 20-րդ դարերում, ինչու իսլամիզմը դարձավ այսքան հայտնի 20-րդ դարի մյուս ժամանակահատվածում: Եվ կարծում եմ այս հարցը անհրաժեշտ է զգուշորեն քննարկել: Եվ իմ գրքում ես այդ հարցին ևս անդրադարձել եմ: Եվ ընդհանրապես, պետք չէ լինել հրթիռային գիտնական` դա հասկանալու համար: Պետք է ուղղակի նայել 20-րդ դարի քաղաքական պատմությունը և կտեսնեք, որ շատ բան է փոխվել: Համատեքստն է փոխվել: 19-րդ դարում, երբ մահմեդականները որպես օրինակ Եվրոպային էին նայում, նրանք անկախ էին, ավելի ինքնավստահ: Վաղ 20-րդ դարում, Օսմանյան կայսրության անկմահ հետ, ողջ Մերձավոր Արևելքը գաղութացվեց: Եվ երբ ունենք գաղութատիրություն, ի՞նչ ունենք։ Ունենք հակա-գաղութատիրություն: Այսպիսով, Եվրոպան այլևս նախանձի առարկա չէ, այն մի թշնամի է, որին պետք է ընդդիմանալ և որի դեմ պետք է պայքարել: Այսպիսով, կա շատ սուր մի հետընթաց մահմեդական աշխարհի ազատախոհ հայացքներում և այն, ինչ տեսնում եք, ավելի շատ պաշտպանական, կոշտ, ռեակցիոն լարվածություն է, որը բերեց Արաբական սոցիալիզմի, արաբական նացիոնալիզմի, և վերջապես, իսլամական գաղափարախոսության: Եվ երբ ավարտվեց գաղութատիրական շրջանը, այն, ինչ ստացվեց, ընդհանուր առմամբ աշխարհիկ դիկտատորներն էին. ովքեր ասում են` իրենք են երկիրը սակայն չբերեցին ժողովրդավարություն երկրին և հիմնեցին իրենց դիկտատուրան: Եվ ես կարծում եմ Արևմուտքը կամ որոշ ուժեր Արևմուտքում, մասնավորապես ԱՄՆ-ը, գործեցին այդ դիկտատորներին աջակցելու սխալ քայլը` նրանց համարելով իրենց շահերի համար ավելի օգտակար: Բայց այն փաստը, որ այդ դիկտատորները ճնշում էին ժողովրդավարությունն իրենց երկրում, և ճնշում էին իսլամական խմբերն իրենց երկրում, փաստորեն իսլամիստներին շատ ավելի կոշտ դարձրեց: Այսպիսով, 20-րդ դարում արաբական աշխարհում ստացվեց այս արատավոր շրջանը, որտեղ բռնապետությունը ճնշում է իր իսկ ժողովրդին, ներառյալ իսլամական բարեպաշտներին, և նրանք արձագանքում են ռեակցիոն կերպով: Սակայն կար մի երկիր, որը կարողացավ խուսափել կամ զերծ մնալ այդ թունավոր շրջանից: Եվ դա այն երկիրն է, որտեղից ես եմ. Թուրքիան: Թուրքիա երբեք չի գաղութացվել, և մնաց անկախ ազգ Օսմանյան կայսրության անկումից հետո: Սա մեկ: Նրանք չէին կիսում նույն հակա-գաղութային հուզումները, որոնք տեսնում ենք տարածաշրջանի մյուս երկրներում: Երկրորդ, որն ամենակարևորն է, Թուրքիան դարձավ ժողովրդավար ավելի վաղ, քան այդ մյուս երկրները: 1950 թ Թուրքիայում ացկացվեցին առաջին ազատ և արդար ընտրությունները, ինչը վերջ դրեց ավելի միահեծան աշխարհիկ ռեժիմին, որը Թուրքիայի սկիզբն էր: Եվ Թուրքիայում բարեպաշտ մահմեդականները տեսան, որ կարող են ընտրելու միջոցով փոխել քաղաքական համակարգը: Եվ գիտակցեցին, որ ժողովրդավարությունը համատեղելի է իսլամի հետ, համատեղելի իրենց արժեքների հետ, և նրանք աջակցեցին ժողովրդավարությանը: Սա մի փորձ է, որ Մերձավոր Արևելքի ոչ բոլոր մահմեդական ազգերն են ունեցել մինչև բոլորովին վերջերս: Երկրորդ, անցած երկու տասնամյակներում շնորհիվ գլոբալիզացիայի և շուկայական տնտեության, շնորհիվ միջին խավի աճի, մենք Թուրքիայում տեսնում ենք այն, ինչ ես սահմանում եմ որպես իսլամական մոդեռնիզմի վերածնունդ: Ավելանում են այն քաղաքային միջին խավի բարեպաշտ մահմեդականները, ովքեր, նորից, նայում են իրենց ավանդույթին և տեսնում, որ մի շարք խնդիրներ կան այդ ավանդույթում: Եվ հասկանում են, որ դրանք պետք է փոխվեն, կասկածի տակ առնվեն և բարեփոխվեն: Եվ նրանք նայում են Եվրոպային, և կրկին տեսնում մի օրինակ, որին կարելի է հետևել: Նրանք տեսնում են մի օրինակ, որից կարելի է ոգեշնչվել: Ահա թե ինչու ԵՄ գործընթացը` Թուրքիայի ջանքերը միանալու Եվրոմիությանը, աջակցություն ունի Թուրքիայի ներսում իսլամական բարեպաշտների կողմից, մինչդեռ որոշ աշխարհիկ ազգեր դեմ էին դրան: Այս գործընթացը մի փոքր մշուշվել է այն հանգամաքով, որ ոչ բոլոր եվրոպացիներն են այդքան հյուրընկալ, բայց սա մեկ այլ քննարկման թեմա է: Սակայն պրո-ԵՄ զգացմունքները Թուրքիայում վերջին տասնամյակի արդյունքում դարձել են գրեթե մահմեդական ուղղվածության, և աջակցություն ունեն իսլամական լիբերալների կողմից, և իհարկե, աշխարհիկ լիբերալների կողմից ևս: Եվ, դրա շնորհիվ, Թուրքիան կարողացավ ստեղծել հաջողված պատմության օրինակ, որում իսլամը և դրա ամենաբարեպաշտ հասկացությունները դարձել են ժողովրդավարական խաղի մի մաս, և նույնիսկ նպաստում են ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը երկրի: Եվ սա ոգեշնչող օրինակ է հենց հիմա որոշ իսլամական շարժումների համար կամ արաբական աշխարհի որոշ երկրների համար: Պետք է տեսնեիք Արաբական Գարունը, որը սկիզբ առավ Թունիսում և Եգիպտոսում: Արաբական զանգվածները ուղղակի ընդվզեցին իրենց դիկտատորների դեմ: Նրանք ժողովրդավարություն էին ուզում, ազատություն էին ուզում: Եվ պարզվեց, որ նրանք իսլամիստական հրեշներ չէին, որ դիկտատորներն անընդհատ օգտագործում էին իրենց վարչակաչգն արդարացնելու համար: Նրանք ասում էին . "Մենք ցանկանում ենք ազատություն, մենք ցանկանում ենք ժողովրդավարություն: Մենք մահմեդական հավատացյալներ ենք, բայց մենք ցանկանում ենք ապրել որպես ազատ մարդիկ ազատ հասարակությունում": Իհարկե, սա երկար ճանապարհ է, Ժողովրդավարության մեկ գիշերում չես հասնի, այն գործընթաց է: Սակայն սա խոստումնալից ժամանակաշրջան է մահմեդական աշխարհում: Եվ ես հավատում եմ, որ իսլամական մոդեռնիզմը, որը սկիզբ առավ 19-րդ դարում, բայց որը հետընթաց ունեցավ 20-րդ դարում մահմեդական աշխարհի քաղաքական խնդիրների պատճառով, վերածնունդ է ապրում: Եվ կարծում եմ, դրանից բխող հաղորդագրություն կլինի այն, որ իսլամը, չնայած Արևմուտքի որոշ թերահավատների, իր մեջ ունի պոտենցիալ ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ժողովրդավարություն, ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի լիբերալիզմ, ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ազատություն: Նրանց պետք է թույլ տալ աշխատել դրա համար: Անչափ շնորհակալություն: (Ծափահարություններ)