Ես ցանկանում եմ, որ դուք նայեք այս երեխային: Ձեզ, իհարկե, գրավում են նրա աչքերը և մաշկը, որին այնքան շատ եք ցանկանում դիպչել: Բայց այսօր ես պատրաստվում եմ խոսել մի բանի մասին, որը դուք չեք տեսնում, այն բանի մասին, թե ինչ է տեղի ունենում նրա փոքրիկ ուղեղում: Նյարդաբանության ժամանակակից գործիքները ցույց են տալիս մեզ, որ այնտեղ կատարվում են բավական բարդ գործողություններ: Եվ այն, ինչ մենք ուսումնասիրում ենք, որոշ չափով կբացատրի այն, ինչը ռոմանտիկ գրողներն ու պոետները նկարագրել են որպես երեխայի ուղեղի «աստվածային բացություն»: Այստեղ մենք տեսնում ենք հնդիկ մայր, ով խոսում է կորո լեզվով, որը նոր բացահայտված լեզու է: Եվ նա զրուցում է իր երեխայի հետ: Նա մեկն է այն 800 մարդկանցից, ովքեր խոսում են կորո լեզվով` հասկանալով, որ լեզուն պահպանելու համար նրանք պետք է խոսեն այդ լեզվով իրենց երեխաների հետ: Եվ ահա այստեղ է թաքնված հիմնական հանելուկը: Ինչու՞ հնարավոր չէ պահպանել լեզուն` խոսելով մեծերի` իմ ու քո հետ: Իրականում այն կապված է մեր ուղեղի հետ: Մենք այստեղ տեսնում ենք, որ լեզուն ունի սովորելու կրիտիկական ժամանակահատված: Այս պատկերը հասկանալու համար, անհրաժեշտ է գտնել ձեր տարիքը հորիզոնական առանցքի վրա: (Ծիծաղ) Իսկ ուղղահայաց առանցքի վրա կտեսնեք երկրորդ լեզու սովորելու կարողությունը: Փոքրիկներն ու երեխաները հանճարներ են, մինչ կլրանա նրանց 7 տարին, որից հետո նկատվում է ունակությունների կանոնավոր անկում: Սեռական հասունությունից հետո մենք լրիվ անհույս ենք։ Ոչ մի գիտնական չի ժխտում այս փաստը, բայց լաբորատորիաներն ողջ աշխարհով մեկ փորձում են բացահայտել, թե ինչու է այսպես: Իմ փորձերը կենտրոնացած էին զարգացման առաջին կրիտիկական ժամանակահատվածի վրա, դա այն ժամանակահատվածն է, երբ փոքրիկները փորձում են հասկանալ, թե ինչ հնչյուններ են օգտագործվում իրենց լեզվում: Մենք կարծում ենք, որ իմանալով, թե ինչպես են ուսուցանվում հնչյունները, մենք կունենանք լեզուն ամբողջությամբ սովորելու մոդելը, հավանաբար նաև մանկության այն ժամանակահատվածների համար, որոնք պատասխանատու են սոցիալական, զգայական և ճանաչողական զարգացման համար: Այսպիսով, մենք սկսեցինք ուսումնասիրել մանուկներին` օգտագործելով նույն մեթոդոլոգիան, որը կիրառում ենք ողջ աշխարհում և բոլոր լեզուների համար: Մանկիկը նստում է ծնողի գրկում, իսկ մենք սովորեցնում ենք նրանց պտտել գլուխը հնչյունի փոփոխման ժամանակ, օրինակ` «ա»-ից «ե»: Եթե նրանք դա անում են ճիշտ ժամանակին, սև արկղիկը լուսավորվում է և պանդան սկսում է թմբկահարել: Վեց ամսական փոքրիկները հրճվանքի մեջ են սրանից: Ի՞նչ ենք մենք բացահայտել: Աշխարհի բոլոր փոքրիկները, ինչպիսին ես նրանց անվանում, աշխարհի քաղաքացիներ են, նրանք կարող են տարբերակել բոլոր լեզուների հնչյունները, անկախ մեր կողմից փորձարկվող երկրից և լեզվից։ Եվ սա շատ ուշագրավ է, քանի որ դուք և ես դա անել չենք կարող: Մենք մշակութային սահմաններ ունեցող լսողներ ենք: Մենք կարող ենք տարբերել մեր սեփական լեզվի հնչյունները բայց ոչ օտար լեզուների հնչյունները: Եվ հարց է ծագում, ե՞րբ են աշխարհի այս քաղաքացիները վերածվում լեզվական սահմաններ ունեցող ընկալողների, ինչպիսին մենք ենք: Եվ դրա պատասխանն է՝ մինչև նրանց առաջին ծննդյան օրը: Այստեղ մենք տեսնում ենք գլխի պտույտով փորձի ներկայացումը Տոկիոյի և ԱՄՆ-ի փոքրիկների հետ, այստեղ Սիեթլում, նրանք լսում էին «ռա» և «լա» հնչյունները, որոնք շատ կարևոր են անգլերեն լեզվում, բայց ոչ ճապոներենում: Այսպիսով, 6-8 ամսական երեխաների ցուցանիշները լիովին համընկնում են: Ընդամենը 2 ամիս անց ինչ-որ անհավանական բան է կատարվում: ԱՄՆ-ի փոքրիկները սկսում են ավելի լավ տվյալներ ցուցադրել, իսկ Ճապոնիայի փոքրիկները` ավելի վատ, բայց այդ փոքրիկների երկու խումբն էլ պատրաստվում են հենց այն լեզուն սովորելուն, որը նրանք պետք է ապագայում սովորեն: Եվ այսպես, հարցը հետևյալն է. ի՞նչ է պատահում այդ 2 ամիսների ընթացքում: Սա ձայնային զարգացման կրիտիկական զարգացման փուլն է, բայց ի՞նչ է կատարվում այդ ընթացքում: Երկու բան է կատարվում: Առաջին. երեխաները շատ ուշադիր լսում են մեզ, և մեր խոսակցության ընթացքում վիճակագրություն են հավաքում, այո, վիճակագրություն են հավաքում: Ահա լսենք երկու մայրերին, ովքեր խոսում են մայրական լեզվով, համընդհանուր լեզու, որը մենք օգտագործում ենք երեխաների հետ խոսելիս, առաջինը` անգլերեն և մյուսը` ճապոներեն: (Տեսանյութ) Անգլախոս մայր․ Ես սիրում եմ քո մեծ կապույտ աչքերը` այնքան գեղեցիկ և հրաշալի: Ճապոնացի մայրը. (ճապոներեն) Պատրիցիա Քուլ. Խոսքի ստեղծման ընթացքում, երբ երեխաները լսում են, նրանք վիճակագրական տվյալներ են հավաքում այն լեզվի մասին, որը լսում են: Եվ այդ տվյալների բազան մեծանում է: Մենք հասկացանք, որ փոքրիկները շատ զգայուն են այդ վիճակագրության հանդեպ, և, որ անգլերենի ու ճապոներենի վիճակագրությունը շատ, շատ տարբեր է: Անգլերենն ունի բազում «ռ»-եր և «լ»-եր, ինչպես ցույց է տալիս բաշխումը: Ճապոներենի բաշխումը լիովին տարբեր է, այնտեղ մենք կարող ենք հաճախ հանդիպել միջանկյալ հնչյունների մի խումբ, որը հայտնի է, որպես ճապոներեն «ռ»: Այսպիսով, երեխաներն ուսումնասիրում են լեզվի վիճակագրությունը, և դա փոխում է նրանց ուղեղը` աշխարհի քաղաքացիից նրանց դարձնելով մշակութային սահմաններով լսողների, ինչպիսին մենք ենք: Բայց մենք` մեծահասակներս, այլևս չենք ընդունում այդ վիճակագրությունը: Մենք կառավարվում ենք այն հիշողություններով, որոնք ձևավորվել են վաղ զարգացման շրջանում: Եվ ահա մենք տեսնում ենք, որ այդ կրիտիկական ժամանակահատվածում տեղի է ունենում մոդելների փոփոխություն: Քննարկելով խնդիրը մաթեմատիկական տեսանկյունից` լեզվի ուսուցումը կարող է դադարել, երբ բաշխումը կարգավորվում է: Իհարկե այն խնդիրներ է առաջացնում երկլեզու մարդկանց մոտ: Նրանք ստիպված են ուղեղում պահել երկու վիճակագրություն միաժամանակ և տեղափոխվել մեկից մյուսը` կախված նրանից, թե ում հետ են խոսում: Մենք հարցրեցինք ինքներս մեզ. կարո՞ղ են երեխաները վիճակագրություն հավաքել ամբողջովին նոր լեզուների մասին: Եվ մենք սա փորձարկեցինք` առաջարկելով ամերիկացի երեխային, ով երբեք չէր լսել ոչ մի օտար լեզու, առաջին անգամ լսել չիներեն կրիտիկական ժամանակահատվածում: Երբ միալեզու երեխաների հետ ենք փորձարկում, Թայպեյում կամ Սիեթլում չիներեն լեզվի հնչյունները, նրանք ցուցադրում են նույն արդյունքները: 6-8 ամսականների արդյունքները լիովին նույնն էին: Երկու ամիս անց ինչ-որ անհասկանալի բան է կատարվում: Թայվանի երեխաները ավելի լավ արդյունք են ցույց տալիս, իսկ ամերիկացի երեխաները՝ ոչ: Եվ մենք տվեցինք ամերիկացի երեխաներին լսել չինարեն իրենց կրիտիկական ժամանակահատվածի ընթացքում: Դա նման է նրան, որ չինացի բարեկամներ են եկել ձեր տուն մի քանի ամսով և խոսում են երեխաների հետ 12 դասընթացի ընթացքում: Ահա, թե ինչպես էր դա տեղի ունենում: (Տեսանյութ) Չինարեն: ՊՔ. Այսպիսով, ի՞նչ արեցինք մենք նրանց ուղեղի հետ: (Ծիծաղ) Մեզ անհրաժեշտ էր վերահսկող խումբ, որպեսզի համոզվենք, որ լաբորատորիա գալը չի ազդում չինարենի զարգաման աստիճանի վրա: Երեխաների մի խումբ գալիս էր և լսում էր անգլերեն: Եվ գծապատկերից կարող ենք տեսնել, որ անգլերենի իմացությունը չի զարգացրել նրանց չինարենը: Բայց տեսեք, թե ինչ է տեղի ունեցել այն երեխաների հետ, ովքեր չինարենի 12 դասընթաց են անցել: Նրանք նույնքան լավ արդյունք ունեն, որքան Թայվանի երեխաները, ովքեր 10.5 ամիս լսել են չինարեն: Սա ցույց է տալիս, որ երեխաները վերցնում են նաև նոր լեզվի վիճակագրությունը: Եվ ինչ էլ նրանց առաջարկեք, նրանք կվերցնեն համապատասխան վիճակագրությունը: Բայց մեզ հետաքրքիր էր, թե ինչ դեր է խաղում մարդը այս ուսուցման ընթացքում: Եվ մենք սկսեցինք երեխաների մեկ ուրիշ խմբին առաջարկել նույն 12 դասընթացը, բայց արդեն հեռուստացույցով և երեխաների մի այլ խումբ էլ նույնն անցնում էր միայն աուդիո համակարգով և նայում էր էկրանին պատկերված փափուկ արջուկին: Ի՞նչ էինք անում մենք նրանց ուղեղների հետ: Ահա աուդիո փորձի արդյունքները, ոչինչ չի ընկալվել, և տեսանյութով փորձը` նույնպես ոչ մի արդյունք: Երեխաներին անհրաժեշտ են մարդիկ, որպեսզի երեխաները վիճակագրություն հավաքեին: Վիճակագրության ընդունման ժամանակ կարևորագույնը սոցիալական ուղեղն է: Մենք ցանկանում ենք մտնել ուղեղի մեջ և տեսնել, թե ինչ է կատարվում, երբ երեխան նստած է հեռուստացույցի առաջ, և երբ նա գտնվում է մարդու առջև: Բարեբախտաբար մենք ունենք նոր սարքավորում, մագնիսական էնցեֆալոգրաֆ, ինչը թույլ է տալիս մեզ դա անել: Սա կարծես Մարսից բերված մազերի հարդարիչ լինի: Բայց այն լիովին անվտանգ է, անլար և անձայն: Տարածության մեջ միլիմետրի ճշտությամբ և միլիվայրկյանի համընկմամբ օգտագործելով 306 SQUID. սա քվանտային փոխանցման ամենաարագ փոխադրիչն է, մենք կարողանում ենք որսալ մագնիսական դաշտերը, որոնք փոփոխվում են մեր մտածելու ժամանակ: Մենք առաջինն էինք աշխարհում, որ այս սարքի օգնությամբ ձայնագրեցինք երեխաներին իրենց ուսուցման ընթացքում: Ահա փոքրիկ Էմման: Նա 6 ամսական է։ Եվ նա լսում է տարբեր լեզուներ իր ականջակալների միջոցով: Ահա դուք տեսնում եք, որ նա ազատ շարժվում է: մենք հետևում ենք նրա գլխի շարժումներին գլխարկի միջի փոքրիկ գնդակների օգնությամբ, այնպես որ նա կարողանում է ազատ շարժվել: Սա տեխնոլոգիական հմտություն է: Ի՞նչ ենք մենք տեսնում: Մենք տեսնում ենք երեխայի ուղեղը: Երբ երեխան լսում է ինչ-որ բառ հարազատ լեզվով, ուղեղի լսողական զգայարանները վառվում են, ապա նրանց շրջապատող հատվածը, որը, ինչպես մենք ենք կարծում, պատասխանատու է ուղեղի տարբեր հատվածների կապակցման և պատճառահետևանքային կապերով, ուղեղի տարբեր մասերի ակտիվացման համար: Մենք թևակոխում ենք երեխայի ուղեղի ուսումնասիրման և գիտելիքների մի հրաշալի ու ոսկե դարաշրջան: Մենք կկարողանանք տեսնել երեխայի ուղեղը, մինչ երեխան ինչ-որ բան է զգում, մինչ նա սովորում է խոսել և կարդալ, կամ լուծում է մաթեմատիկական խնդիրներ, և նոր գաղափարներ ունենում: Եվ մենք հնարավորություն կունենանք միջամտելու այդ պրոցեսներին ընկալման խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: Ճիշտ այնպես, ինչպես պոետներն ու գրողներն էին նկարագրում, կարծում եմ, մենք կկարողանակ տեսնել այդ հրաշալի բացությունը, երեխայի ուղեղի բացարձակ և ամբողջական բացությունը: Երեխայի ուղեղի ուսումնասիրման ժամանակ, մենք պատրաստվում ենք բացահայտել իրական ճշմարտությունն այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ արարած, և այդ ընթացքում, մենք հավանաբար ի վիճակի կլինենք անել այնպես, որպեսզի մեր ուղեղի սովորելու հակումը բաց մնա ողջ կյանքի ընթացքում: Շնորհակալություն։ (Ծափահարություններ)